Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Մենք դիմավորում ենք փառահեղ հոբելյան՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-րդ տարեդարձը: Այդ հաղթանակով ու խաղաղությամբ էր պայմանավորված Հայաստանի հետագա վերելքը:

Խորհրդային բանակի շարքերում հայորդիները տվել են անձնազոհության եւ սխրանքի բացառիկ օրինակներ: Նաեւ դաշնակիցների զորքերում, պարտիզանական ջոկատներում, դիմադրության շարժման մեջ ու թիկունքում հայության բոլոր հատվածներն ունեցել են իրենց ծանրակշիռ ավանդը:
Առանձին ջերմությամբ շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնք պատվով դիմագրավեցին դաժան փորձությունը եւ պաշտպանեցին երկիրը ֆաշիզմի արհավիրքից:

1992 թվականին մեր պատմական մայիսյան հաղթանակներին միացավ նոր՝ Շուշիի ազատագրումը: Մեզ պարտադրված պատերազմում եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը»:

«Կրկին շնորհավորելով բոլորիս այս մեծ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն: Մեր նվիրումը հայրենիքին պիտի դրսեւորվի նոր սերունդ կրթելու եւ նոր երկիր կառուցելու ստեղծարար աշխատանքով», - ասված է ուղերձում:

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ արեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հաղթանակի 60-ամյա հոբելյանը մենք տոնում ենք հայկական զորագնդերի անցած փառավոր ուղու, մեր զորահրամանատարների ու հերոսների հայրենասիրության ու նվիրումի փառապանծ հիշատակներով, որոնց ոգին մեր օրերում վերածնվեց մեր ժողովրդի սրտում՝ հաղթանակելով Արցախյան ազատամարտում եւ հաստատելով մեր ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու ձգտումն ու կամքը։ Մեր Եկեղեցին օրհնել է Հայրենիքի պաշտպանների ճանապարհը, քանզի վասն Հայրենյաց պատերազմը սուրբ է ու նվիրական, - ասված է Ամանայն Հայոց Կաթղիկոս արեգին Երկրորդի ուղերձում։

Մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյա հոբելյանը եւ Շուշիի ազատագրության օրը, մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով։

Փրկչի Էջքի Սուրբ Սեղանի առջեւ Մենք աղոթում ենք ի սեր Հայրենիքի փառքով ընկած նահատակ հոգիների հանգստության համար։ Աղոթում ենք, որ Բարերար մեր Տերը Իր ամենառատ օրհնությամբ խաղաղ պահի աշխարհը համայն ու մեր Հայրենիքը եւ Իր շնորհի ներքո պահպանի ժողովուրդներին ու մարդկանց սիրո ու եղբայրության մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG