Մատչելիության հղումներ

Թուրք գիտնականը հուսով է, որ «ապագա սերունդները ավելի խելացի» կլինեն


Հայաստանի ազգային արխիվում ուսումնասիրություններ կատարող երիտասարդ թուրք պատմաբան Եվթան Թուրքելմազը կարծում է, որ Թուրքիան մոտ ապագայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն հուսով է, որ «ապագա սերունդները ավելի խելացի կգտնվեն»:

«Շատ մոտ ապագայում այդպիսի շարժում [Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ] չի լինելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ի դեպ հայերեն, ասաց նա: - «Թերեւս ապագայի սերունդները ավելի խելոք եւ ավելի հանգիստ կերպով կխորհեն այդ նյութի շուրջ, եւ ավելի լավ քայլեր պիտի անի»:

«Ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում հայկական խնդիրը բավական պիտի լուծվի», - այդուհանդերձ ավելացրեց նա: - «Դրանից հետո քաղաքական խնդիրներ էլ պիտի լուծվեն: Ես շատ ուզում եմ, որ երկու երկրների մեջեւ լավ հարաբերություններ ձեւավորվեն»:

Ազգությամբ թուրք Եվթան Թուրքելմազը Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինային համալսարանի ուսանող է եւ աշխատում է «Թուրք, քուրդ եւ հայ ազգայնական կուսակցությունների ստեղծումը Թուրքիայում 1908-1930 -ական թվականներին» թեմայով ուսումնասիրության վրա: Մայիսի 2-ից նա Հայաստանի ազգային արխիվում ծանոթանում է իրեն հետաքրքրող փաստաթղթերին:

Ի պատասխան վերջին ամիսներին Թուրքիայից ամենաբարձր մակարդակով հնչող կոչերին ու հորդորներին՝ բացել Հայաստանի արխիվները թուրք պատմաբանների առաջ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը բազմիցս հայտարարել էր , որ Հայաստանի արխիվները բաց են բոլոր ցանկացողների, այդ թվում նաեւ թուրք ուսումնասիրողների համար: Սակայն որեւէ թուրք գիտնական նման խնդրանքով չէր դիմել: Եվթան Թուրքելմազը առաջինն է, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց Ամատունի Վիրաբյանը, երիտասարդ թուրք գիտնականը որեւէ խոչընդոտի չի հանդիպել: Ավելին՝ արխիվի ղեկավարությունը ընդառաջ է գնացել նրան:

«Մենք ունենք արխիվից օգտվելու գնացուցակ, եւ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված է, որ մեկ փաստաթղթի պատճենի տրամադրումը արժե «իքս» գումար: Նա դիմեց, որ ինքը ի վիճակի չէ վճարել, քանի որ սովորում է, ճանապարհածախսի եւ ապրելու համար մեծ գումար է ծախսում, եվ ես հինգ անգամ իջեցրի այդ գումարը փաստաթղթերի պատճեները նրան տրամադրելու համար», - ասաց Վիրաբյանը:

«Շատ հետաքրքիր է, որ Թուրքիայում մարդիկ կարծում են, թե Հայաստանի արխիվները փակ են Թուրքիայի քաղաքացիների համար», - ասաց երիտասարդ թուրք պատմաբանը: - «Դա ճիշտ չէ: Ես այստեղ եմ: Որեւէ խնդիր չեմ ունեցել մինչեւ հիմա»:

Հարցին, թե ինչու թուրք պատգմաբանները չեն օգտվում Հայաստանի արխիվից, Թուրքելմազը ասաց, որ թուրք պատմաբանները հայերեն չգիտեն. - «Ես որեւէ թուրք ուսումնասիրողի չեմ ճանաչում, որը հայերեն գիտի»:

Նրա փոխանցմամբ, միայն վերջերս է Անկարայում բացվել է մի ինստիտուտ, որտեղ հայերեն են սովորեցնում:

Ինչ վերաբերում է թուրք երիտասարդներին, ապա, Թուրքելմազի խոսքերով, նրանք տեղյակ անգամ չեն, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում անցած դարասկզբին:

«Միմիայն վարժարանների դասագրքերի մեջ գրված ազգամոլ բաներին են հավատում», - ասաց նա: - «Քանի որ որեւէ գիտելիք չունեն, այդ պատճառով էլ կարծում են, թե հայերը իրենց հանդեպ գեշ մտածումներ կամ վարքագիծ ունեն»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG