Մատչելիության հղումներ

Կառավարությունը սահմանեց միջուկային թափոնների եւ ռադիոակտիվ նյութերի պահպանման եւ տեղափոխման կարգը


Կառավարության այսօրվա նիստում Հայաստանում միջուկային թափոնների եւ ռադիոակտիվ նյութերի պահպանման եւ տեղափոխման կարգերը համապատասխանեցվեցին անվտանգության միջազգային չափանիշերին։

«Հայպետատոմհսկողություն» գործակալության պետ Աշոտ Մարտիրոսյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ այսօր ընդունված երկու որոշումներից բացի, նախատեսվում է նմանօրինակ եւս 30 կարգեր հաստատել, որոնցով կսահմանվեն միջուկային նյութերի հետ գործ ունեցող ընկերությունների լիցենզավորման բարդ ու տեւական ընթացակարգերը:

Հայաստանի տարածքում ռադիոակտիվ թափոնների երկու պահեստարաններ կան՝ մեկը Մեծամորի ատոմակայանի տարածքում է, մյուսը, այսպես կոչված, մունիցիպալ պահեստարանն է, որտեղ պահվում են իրենց ռեսուրսը սպառած ռադիոակտիվ աբյուրները: Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության պետի, Հայաստանում, ատոմակայանից բացի, շուրջ 1200 գործող ռադիոակտիվ աղբյուրներ կան, որոնց անվտանգությունը պատշաճ կերպով պահպանվում է։

Ինչ վերաբերում է ատոմակայանի միջուկային թափոնների պահեստարանին, ապա այն արդեն լցվել է աշխատած կոշտ վառելիքով, ու երկրորդ պահեստարանը կառուցելու խնդիր է առաջացել, քանի որ աշխատած վառելիքը երկաթուղով Ռուսաստան տանելու եւ վերամշակելու հնարավորություն չկա։

«Պահեստարանը պետք է ունենա այնպիսի տարողություն, որպեսզի կարողանանք այդտեղ պահել այն աշխատած վառելիքը, որը կառաջանա մինչեւ 2016 թվականը», - ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով. - «Այսինքն, նախատեսվում է, որ ատոմակայանը նվազագույնը պետք է աշխատի մինչեւ 2016 թվականը ներառյալ»:

Մարտիրոսյանը փոխանցեց, թե վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում՝ ՄԱԳԱՏԵ-ում հայկական ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ հաշվետվությունը բավարար գնահատականի է արժանացել:

«Միայն եղավ առաջարկություն, որ ավելի արագացվեն ատոմակայանի անվտանգության բարձրացման միջոցառումները», - ավելացրեց նա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Եվրամիությունը ինչո՞ւ է նախանձելի հետեւողականությամբ պահանջում են փակել Հայաստանի միակ անկախ էներգարտադրող կայանը, եթե այն իր անվտանգության մակարդակով համապատասխանում է միջազգային չափանիշերին, Մարտիրոսյանը ասաց. - «Ցանկացած ատոմակայան վտանգ է ներկայացնում՝ մեծ կամ փոքր»:

«Դա ավելի շուտ քաղաքական պահանջ է՝ տնտեսական ենթատեքստով», - բանաձեւեց նա:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG