Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթում այսօր շարադրված է. - «Հայաստանի ներկայիս ղեկավարները իշխանության եկան 1998-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իրենց «հաղթողական» ծրագիրը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարտվողական» քաղաքականությանը հակադրելու ալիքի վրա։ «Նախկինների» կարծիքով, 98-ին «ներկաների» առաջադրած մաքսիմալիստական ծրագրերը հիմնախնդրի կարգավորման բանակցություններում հայկական կողմի դիրքերի թուլացման պատճառ դարձան: Որպես կանոն՝ «ներկա» եւ «նախկին» իշխանությունների միջեւ հեռակա ծավալվող բանավեճերում «նախկինները», ի թիվս այլ փաստարկների, «ներկաների» երեսով են տալիս նրանց՝ «8000 քառ. կիլոմետրանոց անկախ Ղարաբաղ ստանալու» տեսլականը, իսկ «ներկաներն» այդ պատմությունը հետեւողականորեն մերժում եւ հերքում են: «Նախկինները» տվյալ դեպքում նկատի ունեն 98-ի իշխանափոխությունից շուրջ մեկ ամիս առաջ՝ հունվարի 8-ին, Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի անդամներին առաջին եւ, թերեւս, վերջին անգամ ղարաբաղյան թեւի ներկայացրած եւ հակամարտության լուծման նրանց մոտեցումները վերարտադրող մի փաստաթուղթ»: Ներկայացնելով այն՝ «Առավոտ»-ի մեկնաբանը ամփոփել է. - «98-ից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները վարող ոչ նախագահը, ոչ էլ արտգործնախարարը երբեւէ այս քարտեզն ու կից գրությունը, նաեւ ԼՂՀ կարգավիճակի մասին պայմանագիրը չեն ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ միջազգային հանրությանը՝ որպես կարգավորման սեփական նախաձեռնություն: Պատճառը, թերեւս, այն է, որ այդ փաստաթուղթը կազմված էր միայն ներքին (իշխանության գալու) նպատակով»:

Ազգային ժողովի վերահսկիչ պալատի՝ երեկ ներկայացված բացահայտումների առնչությամբ «Առավոտ»-ը ընդգծում է. - «Զարմանալին այն է, որ կորած միջոցները վերադարձվում են, իսկ դրանք վատնած, ոչ նշանակությամբ օգտագործած չինովնիկները մնում են իրենց տեղերում... Դա նշանակում է, որ շուտով պատմությունը կարող է կրկնվել: Պետական միջոցների վատնումը կշարունակվի առաջվա շռայլությամբ: Իսկ եթե նկատեն էլ, ապա Վերահսկիչ պալատը դարձյալ ջրի երես կհանի խախտումը, դատախազությունը նամակներ կգրի, գուցե ինչ-որ մեկին էլ վարչական տույժի ենթարկի, գուցե մի-երկու քրեական գործեր էլ հարուցվեն ձեռնարկությունների «անկռիշ» տնօրենների դեմ, բյուջե կվերադարձվեն ինչ-որ տեղից հայտնաբերված որոշ կորած միջոցները, իսկ իրենց պաշտոններում մնացած նախարարներն ու այլ ղեկավարներ այս ամենից դուրս կգան էլ ավելի հզոր եւ կոալիցված»: «168 ժամ» շաբաթաթերթի մեկնաբանի հայացքով, Վերահսկիչ պալատի այս հաշվետվությամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը հերթական անգամ փորձում է տարանջատվել իշխանություններից. - «Իբր՝ տեսեք, մենք իշխանության մաս ենք կազմում, բայց իրականում այնքան էլ իշխանություն չենք, մեղ նեղում են, քիչ են վարկեր տալիս... Բայց չէ՞որ «Օրինաց երկիր»-ն էլ թե’ կառավարության մաս է կազմում, թե’ նրա ձայներով է նաեւ հաստատվել վարչապետ, որի կառավարությանը հիմա ասյ բացահայտումներով մեղադրանքներ են ուղղվում»: «Ազգ» թերթի մեկնաբանը, իր հերթին, համադրել է՝ «Օրինաց երկիր»-ն ու նրա ղեկավարը փորձում են հասարակությանը ներշնչել, թե իրենց շնորհիվ պետությանը մեծ գումարներ են վերադարձվում. - «Բայց հարկ է, որ մինչ հերոսական կերպարի մեջ մտնելը մեր խորհրդարանի նախագահը չմոռանա իր քաղաքական հավակնությունների բավարարման նպատակով մեր պետական բյուջեին ու բնակչությանը հասցրած կորուստների մասին... Եթե 79 միլիոն դրամ անարդյունավետ ծախսելու պատճառով մարդիկ պատասխանատվություն են կրում, ապա քաղաքական պատասխանատվություն պետք է զգա անհամեմատ մեծ՝ 34 միլիարդ դրամի կորստի հեղինակը»: Իսկ այդքան, մեկնաբանի հաշվարկներով, մեր պետությունը վերջին երկու տարում կորցրել է միայն այն պատճառով, որ «Օրինաց երկիր»-ի ջանքերով երկրի մանրածախ առեւրտի 34 տոկոսը հարկման դաշտից դուրս է մնացել:

Ավանի թաղապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ Տարոն Մարգարյանի նման պարկեշտ տղա, որը «իշխանություն կրող անձնավորության որդի» է, գրեթե հնարավոր չէ գտնել: «168 ժամ»-ի հարցազրույցում Գագիկ Մելիքյանը ասում է. - «Ես ոչ թե վարչապետի որդի Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետն եմ այլ՝ Տարոն Մարգարյանի, որը հանդիսանում է վարչապետի որդին: Եվ կարծում եմ, որ դա բացասական երեւույթ չէ: Չի կարելի նրան միանշանակ բնորոշել որպես վարչապետի որդի ու ասել, թե նրա համար արդեն ամեն ինչ կանխորոշված է այդ ընտրություններում»: Տարոն Մարգարյանին բնորոշելով «բավականին պարկեշտ», «բավականին բանիմաց», «բավականին համեստ», նրա շտաբի պետը սահմանում է. - «Տարոնի հիմնական խոչընդոտը վարչապետն է, որ նա ավելի բարձր պաշտոնների չի հասնում»:

«Հոգիդ փառավորվում է, թե ինչպիսի իրադարձություններ են ցնցում հայոց աշխարհը: Չեմ դադարում շնորհակալություն հայտնել ճակատագրին, որ պարգեւել է այսչափ ֆանտաստիկ հետաքրքիր, խենթացուցիչ լարված բազմասերիանոց հերոսապատում», - անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը։ - «Դեպի ընտրություններ աներեւակայելի պոպուլիզմի պոռթկումները ոմանց մոտ գնալով ավելի հաճախակի եւ սուր են դրսեւորվում: Եվս մեկ-երկու ամիս, ու սրանք կնետվեն տատիկներին մայթն անցկացնելու եւ շքամուտքերի պատերից անպարկեշտ բառերը քերելու: Կուսակցությունները ճգնում են ցուցադրել սեփական պոտենցիան, թեեւ քաղաքացիների մեծամասնությունը սրտխառնոց է զգում հենց միայն այն մտքից, որ այդ պոտենցիան դեռեւս չի սպառվել»: Խմբագրին այս հերթական մտորումներին են մղել մասնավորապես իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հայտարարությունները սեւանյան միջադեպի եւ Արամ Կարապետյանի շուրջ: «Դուք լրջորեն կարծում եք, թե Արամ Կարապետյանի սադրանքն ամենահարմար առի՞թն էր այդօրինակ հայտարարության համար», - նրանց է դիմում խմբագիրը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG