Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը մտադիր է գնել «Ջեներալ մոթորս» ավտոհսկայի նոր բաժնետոմսեր


Ամերիկացի հայազգի մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանի «Թրեյսինդա քորփորեյշն» ընկերությունը պատրաստ է շուրջ 870 միլիոն դոլար վճարել աշխարհի խոշորագույն ավտորտադրող ընկերության՝ «Ջեներալ մոթորս»-ի բաժնետոմսերի 5 տոկոսի համար: Եթե գործարքը իրականացվի, հայազգի միլիարդատերը «Ջեներալ մոթորս»-ի իրեն պատկանող բաժնեմասը կհասցնի 9 տոկոսի:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, «Թրեյսինդա քորփորեյշն» ընկերությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, թե պատրաստ է ձեռք բերել 28 միլիոն բաժնետոմս, յուրաքանչյուրի համար վճարելով 31 դոլար:

Հայտարարությունից հետո Նյու-Յորքի բորսայում «Ջեներալ մոթորս» ընկերության մեկ բաժնետոմսը միանգամից թանկացել է շուրջ 13 տոկոսով: Վերջին շաբաթների ընթացքում ընկերության մեկ բաժնետոմսի գինը բորսայում չէր գերազանցում 25 դոլարի սահմանը:

«Տրեյսինդա քորփորեյշն» ընկերության առաջարկը հետեւել է 2005 թվականին առաջին եռամսյակում «Ջեներալ մոթորս» ընկերության՝ 1 միլիարդ 100 միլիոն դոլարի վնաս կրելու վերաբերյալ հայտարարությանը: Միայն ապրիլին ընկերության մեքենաների վաճառքը Միացյալ Նահանգներում նվազել է 8 տոկոսով:

«Ֆրանսպրես» գործակալությունը նաեւ նշում է, թե 87-ամյա Քըրքորյանը, որը, ըստ «Ֆորբս» ամսագրի, 8,9 միլիարդ դրամագլխով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում գրավում է 41-րդ տեղը, ավտոմոբիլային բիզնեսում նորեկ չէ:

Ժամանակին «Տրեյսինդա» ընկերությունը ամերիկյան ավտոհսկաներից «Քրայսլեր»-ի խոշորագույն բաժնետերն էր: Երբ «Քրայսլեր»-ը միավորվել էր «Դայմլեր - Բենց»-ի հետ, Քըրքորյանը դատական գործ էր հարուցել՝ պնդելով, որ գործարքն ապօրինի է, քանզի տեղի է ունեցել ոչ թե իրավահավասար երկու ընկերությունների միավորում, ինչպես հայտարարված էր, այլ «Դայմլեր - Բենց»-ի կողմից «Քրայսլեր»-ի կլանում, ինչի հետեւանքով «Թրեյսինդա»-ն տուժել է: Դատարանը վճիռ է կայացրել ի վնաս Քըրքորյանի, եւ վերջինս բողոքարկել է այն:

Նոր գործարքի իրականացման արդյունքում «Թրեյսինդա»-ն ընդհանուր հաշվով կունենա «Ջեներալ մոթորզ»-ի 50 միլիոն արժեթուղթ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG