Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Միայն դավաճանի հոգեբանություն ունեցող անձինք կարող էին նման քայլեր ձեռնարկել»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի երեկոյան հեռուստատեսային հարցազրույցում մեկնաբանել է ապրիլի 20-ին Սեւան քաղաքում «Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ կատարված միջադեպին եւ դրա շուրջ երկու տասնյակ կուսակցությունների համատեղ հայտարարությանը:

«Իհարկե, այդ հայտարարության բովանդակության հետ ես համաձայն եմ, եւ քրեական տարրերը չպետք է մասնակից լինեն քաղաքական գործընթացներին։ Ուղղակի տվյալ դեպքում այդ հայտարարության առիթը շատ անհաջող էր։ Եվ հետաքննությունը ցույց տվեց, որ իրականում այլ դեպքեր են տեղի ունեցել, ու միտինգի կազմակերպիչն ինքն է հրահրել այդ ծեծկռտուքը», - Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը նշել է, թե քննությունը նույնպես ցույց է տվել, որ հենց Արամ Կարապետյանի շրջապատում են գտնվում այդ քրեական տարրերը: Նրա խոսքերով, դեպքը կատարվելուց հետո այդ միջադեպի հեղինակները, մտածելով, որ եթե իրենք ավելի արագ աղմուկ հանեն, ապա հնարավոր կլինի մեղքն ուրիշի վրա բարդել, արագորեն փորձեցին աջակցություն ստանալ քաղաքական ուժերից։

Ռոբերտ Քոչարյանը կարծիքով, եթե դեպքերի զարգացումը ավելի ծանր հետեւանքների հանգեցներ, ապա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները այլ հնչեղություն եւ երանգ կստանային։

«Եվ մեր թշնամիները, հակառակորդները կփորձեին սա շատ ակտիվ օգտագործել մեր դեմ։ Միայն դավաճանի հոգեբանություն ունեցող անձինք կարող էին նման քայլեր ձեռնարկել, նման քայլերի գնալ մեր ժողովրդի համար շատ պատասխանատու այդ օրերին», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի ոստիկանությունը՝ երեկ տարածած հայտարարության մեջ նշելով, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը պատասխանատվությունից խուսափելու համար տարբեր լրատվամիջոցներով պարբերաբար արծարծում է այն միտքը, թե սեւանյան միջադեպն իբր վաղօրոք կազմակերպված էր քրեական տարրերի կողմից, տեղեկացնում է, որ քննության ընթացքում իրոք ի հայտ են եկել քրեական անցյալով անձինք։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Նոր ժամանակներ» կուսակցության եւ նրա նախագահ Արամ Կարապետյանի մերձավոր շրջապատից արդեն իսկ հարցաքննված 21 անձանցից 8-ն ունեն քրեական անցյալ։

Ոստիկանությունը նաեւ ուշադրություն է հրավիրում, որ Արամ Կարապետյանը, «ժամանակին հարկ չի համարել հերքել իր անունից տարածված այն կեղծիքը, թե իբր միջադեպին ներկա ոստիկանները, ըստ էության, անգործության էին մատնված»։

«Մինչդեռ պատահարն արձանագրած տեսախցիկներով հստակ երեւում է, որ ոստիկաններն արել են հնարավոր ամեն ինչ՝ իրադարձությունների անցանկալի զարգացում թույլ չտալու համար։ Միանշանակ է, որ որեւէ միջադեպ չէր գրանցվի, եթե Արամ Կարապետյանն ինքը անկարգություն չհրահրեր եւ հանդուրժողաբար ընդուներ այլախոհ մարդկանց ներկայությունը», - ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:

Ապրիլի 20-ին Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության շուրջ հազար հանրահավաքականների միջեւ բախումներ էին ծագել, որոնց արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 22-ամյա ուսանող Գարեգին Պետրոսյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG