Մատչելիության հղումներ

«Թբիլիսիում Բուշին ընդունելու են Բրեժնեւի պես»


Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն այդպես է վերնագրել հոդվածը, որում անդրադառնում է մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի թբիլիսյան այցին: Թերթի բնորոշմամբ, Վրաստանի մայրաքաղաքում «իրարանցում է»:

«Ազատ աշխարհի լիդերին ըստ արժանվույն դիմավորելու համար իշխանություններն աղքատիկ բյուջեից հատկացրել են 45 հազար դոլար՝ ասֆալտով կարկատում են քարուքանդ փողոցները, ներկում հին շենքների պատերը: Բայց, ամենայն հավանականությամբ, այդ չինչին գումարը բավական չէ», - հեգնախառն գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Ըստ թղթակցի, միայն 20 հազար դոլար ծախսվել է Թբիլիսիի կենտրոնում երկու հսկայական ցուցապաստառներ տեղադրելու համար՝ «Բարի գալուստ, սիրելի Ջորջ Բուշ» եւ «Ջորջ Բուշը մայիսի 10-ին առավոտյան ժամը 9-ին ելույթ կունենա Ազատության հրապարակում»:

«Ամբողջ ճանապարհին Բուշին ողջունելու են ամերիկյան դրոշակներով հազարավոր դպրոցականներ: Նրանք հիմա փորձեր են անցկացնում. պետք է լավ իմանան, թե որտեղ կանգնել, ինչպես թափահարել դրոշակները, ինչ կարգախոսեր վանկարկել», - փոխանցում է թերթը՝ ավելացնելով, թե, ըստ հնաբնակ թբիլիսցիների, այդպիսի հանդիսավորությամբ Վրաստանի մայրաքաղաքում 1981 թվականին դիմավորել են ԽՍՀՄ ղեկավար, Կոմկուսի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին:

Այն ժամանակ Վրաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ղեկավար Էդվարդ Շեւարդնաձեն հայտարարել էր. - «Վրաստանի համար արեւը Հյուսիսից է ծագում»:

«Հիմա ժամանակնները փոխվել են, եւ պաշտոնական Թբիլիսին ագահորեն փորձում է որսալ Արեւմուտքից հասնող քնքուշ շողերը», - հեգնում է ռուսաստանյան թերթը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG