Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը ապրիլի)

«Ճգնաժամ կա» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթն այսօր շեշտադրում է. - «Նյու Յորքի Արտաքին քաղաքականության խորհրդի կոնֆլիկտների հարցերի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը Լոս Անջելեսի «Ժամանակ» եւ «Հայկական ժամանակ» թերթերի հարցերին պատասխանելիս ուշագրավ հայտարարություն է արել: Նա նշել է. - «Այս պահին չեմ կարող ասել՝ Հայաստանում հեղափոխության որ տարբերակն է կիրառելի: Բայց Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամ կա, եւ Հայաստանի քաղաքացիները մարդու իրավունքների պաշտպանության խնդիր ունեն: Իշխանությունները պետք է իրենց քաղաքականությունն ուղղեն երկրում ժողովրդավարությունն իրողություն դարձնելուն, որպեսզի Հայաստանում ընթացող ընտրություններում ժողովուրդը որոշի լրջագույն մարտահրավերների առջեւ կանգնած երկրի իր առաջնորդներին»: «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ Ֆիլիպսը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահողն էր եւ համարվում է ԱՄՆ ամենահեղինակավոր դիվանագետներից մեկը:

«Իշխանություններն իրենց այնպես են պահում, կարծես փափագում են ամեն գնով խափանել Կարապետյանի կողմից խոստացված հեղափոխությունը: Իսկ իրականում աջակցում են Արամ Կարապետյանին: Թեկուզեւ ընդդիմության դեմ պայքարի կացնային եղանակներով», - գնահատական է հնչեցնում «Առավոտ» թերթը՝ ընդգծելով. - «Արդյունքում՝ անլուրջ համբավ ունեցող, չգիտես որտեղից քաղաքական ասպարեզում հայտնված եւ քիչ ճանաչում ունեցող մեկը մի ակնթարթում կարող է վերածվել քաղաքական ծանրակշիռ դեմքի»: Մինչդեռ, իշխանության անկեղծ շահագրգռվածության դեպքում, ըստ «Առավոտ»-ի, այս իրավիճակից դուրս գալու ելք կա. - «Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոչը իշխանություններին՝ անմիջապես պատասխանատվության ենթարկել կատարվածի մեղավորներին, պետք է իրականացվեր՝ հարկ էր գոնե մեկ անգամ մի կողմ դնել ընդդիմության հանդեպ տածած ատելությունն ու փորձել ջրի երես հանել եւ պատժել իրական մեղավորներին: Միայն այս կերպ իշխանությունները «կայունություն» կպահպանեին, եթե, իհարկե, իրենք էլ են դեմ քաղաքական սադրանքներին»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ եթե անգամ կոալիցիան անկեղծ է իր ձգտումների մեջ եւ ցանկանում է, որ երկրում իրոք վերջ տրվեն իշխանությունների կողմից իրականացվող ապօրինություններին, միեւնույն է, չունի ազդեցության բավարար լծակներ՝ իր ցանկությունն ի կատար ածելու համար: «Հայկական ժամանակ»-ում նրա հետ զրույցից էլ բխեցված է. - «Ռոբերտ Քոչարյանը հաշվի չի առնում անգամ իր «քաղաքական հենարան» համարվող կոալիցիայի մտահոգությունները, քանզի գիտի, որ իր ամենահուսալի հենարանը կլիմինալն է»: Աշոտ Մանուչարյանը, «Հայկական ժամանակ»-ում շաղկապելով արտաքին եւ ներքին գործընթացները, ասում է . - «Ամերիկացիները տարօրինակ բնավորություն ունեն. երբ նրանք հանդիպում են կրիմինալի՝ նրանից իրենց ուզած մաքսիմալը վերցնում են եւ վերջում կրիմինալին հանձնում արդարադատությանը: Մենք հիմա մասնակցում ենք ահա այս գործընթացին: Կրիմինալն ու նրա շրջապատը եւս հասկանում են, թե ինչ է կատարվում, որի արդյունքում սկսել են անհեթեթ քայլեր կատարել: Այս պահին մենք ականատեսն ենք կրիմինալ իշխանության անկառավարելի վարքագծի»:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն, որը քաղաքական ապաստան է գտել Մեծ Բրիտանիայում, ասել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էին ռուսական հատուկ ծառայությունները, ավելի ստույգ՝ ռուսական ռազմական հետախուզությունը: «Ազգ» թերթը նրա վերջին մի հարցազրույցից այսօր մեջբերում է. - «Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Խաղաղ գործընթացը զարգանում էր Ռուսաստանի վերահսկողությունից դուրս, ինչը եւ դրդեց ռուսական հատուկ ծառայություններին նման քայլի»:

«Հայաստանի արխիվները բաց են: Դրանց փակ լինելու մասին Թուրքիայի պնդումները սուտ են», - շեշտվում է «Հայոց աշխարհ» թերթում: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը թղթակցին ասել է. - «Թուրքական իշխանությունները կարող նշել որեւէ թուրք լրագրողի, գիտնականի, պատմաբանի, որ դիմած լինի մեզ նկարահանումներ կատարելու, ուսումնասիրություններ անելու, արխիվի ղեկավարության հետ հանդիպելու, կամ ուղղակի արխիվի տարածք մուտք գործելու համար: Միայն երեկ է, որ մեզ է դիմել Թուրքիայի առաջին քաղաքացին, ով ցանկություն է հայտնել արխիվում աշխատել»։ Ինչ վերաբերում է փաստերին, «Հայոց աշխարհ»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային արխիվում պահվում են Ցեղասպանությանը վերաբերող մոտ 12 հազար գործ, Ցեղասպանության հետեւանքով ծնողազուրկ դարձած հազարավոր որբերի անձնական գործեր, ինչպեսեւ 1916 թվականին գրառված մոտ 700 հուշագրություն: Կան նաեւ բազմաթիվ լուսանկարներ, որ արված են այդ տարիներին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG