Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների՝ թափ առնող ընտրություններում ավելի ու ավելի ուշագրավ, հաճախ զավեշտական ծալքեր են բացվում: Մասնավորապես, Ալավերդիի քաղաքապետի ընտրության հետ կապված «Առավոտ»-ի թղթակիցը փոխանցում է. - «Որ այդ ընտրությունների քարոզարշավը շիկացած մթնոլորտում է անցնելու, հստակ էր՝ նկատի ունենալով հանգամանքը, որ սույն ընտրություններում տարբեր ճամբարներում հայտնված իշխանական օղակներն աշխատեցնելու են իրենց վարչական եւ տնտեսական ռեսուրսները... Վարչապետի գլխավորած կուսակցությունն աջակցում է հանրապետական-բազեական Էդիկ Սերիմազանովին»: Օրերս նրա կողմնակից երիտասարդ «նժդեհականներն» ու «բազեականներն» օրը ցերեկով ջահերով երթ էին կազմակերպել եւ հավաքվել Սանահին գյուղի եկեղեցու՝ «դոլգորուկիների» ասորական գերեզմանոցում եւ երդվել, որ պայքարելու են իրենց թեկնածուի վերջնական հաղթանակի համար: Հետո երթի մասնակիցները շարժվել էին դեպի Ալավերդիի քաղաքապետարանի շենք եւ որպես Սերիմազանովին սատարելու վկայություն՝ այրել մրցակից թեկնածուին սատարող Լոռու մարզպետի՝ նախապես իրենց հետ վերցրած դիմանկարները: Մարզպետի սատարած թեկնածուի՝ էլցանցի պետ Նալբանդյանի կողմնակիցներն էլ Անաստաս Միկոյանի տուն-թանգարանի մոտ կանգնեցված ՄԻԳ ինքնաթիռի մոտ երդվել, որ վարչապետից չեն վախենում եւ պայքարելու են մինչեւ վերջ: «Տեղական կոլորիտի իմաստով հետաքրքրություն է ներկայացնում Ալավերդիի դատախազ Կիրակոսյանի գործունեությունը։ Վերջինս զբաղված է Արագած լեռան շուրջ շուրջպարի կազմակերպչական աշխատանքներով», - նշում է թղթակիցը: - «Դատախազության աշխատակիցները շուրջպարի պաշտոնական բլանկի վրա պարտավորվել են 1700 ալավերդցիների ցուցակագրել»: Ըստ նույն աղբյուրի՝ պարոն Կիրակոսյանին «հանձնարարված է նաեւ գնել 35 դմակավոր ոչխար, 20-25 սեւ ոչխար, ապահովել 20 լիտր տանձի եւ 10-15 լիտր սալորի օղի»:

«Հայկական ժամանակ» թերթն էլ այսօր անդրադառնում է Երեւանի Արաբկիր համայնքում բորբոքվելիք մրցությանը: «Սպասվում է օլիգարխների բիտվա, եւ ինչպես կանխատեսում են դիտորդները, Արաբկիրում ռազմական գործողություններն անխուսափելի են», - գրում է մեկնաբանը: - «Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է լինելու, որ պայքարի հիմնական կողմերը բացառում են որեւէ փոխզիջում»: Թաղապետի հիմնական թեկնածուներից մեկին աջակցում է Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար, պատգամավոր Գուրգեն Արսենյանը, մյուսին՝ նույնպես պատգամավոր, օլիգարխ Լեւոն Սարգսյանը, որը ունի նաեւ «Հանրապետական կուսակցության, «Ժողպատգամավոր»-ի, մարզիկների «Հաղթանակ» հասարակական կազմակերպության դաբրոները: Բացի այդ՝ մեր ժամանակների համար ամենակարեւոր դաբրոն՝ Սերժ Սարգսյանինը»:

Ըստ «Հայոց աշխարհ» թերթի՝ բոլորին արդեն պարզ է, որ ոչ մի լուրջ ցնցում տեսանելի ապագայում հայոց աշխարհում տեղի չի ունենա, եւ «հեղափոխությունը հետաձգվում է երկու-երեք տարով»: «Միաժամանակ, առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ հայրենի ընդդիմությունը չի ընդունի ո՛չ խորհրդարանական ընտրությունների արդյունքները 2007 թվականին, ո՛չ էլ նախագահականինը՝ 2008-ին: Ի՞նչ անել այդօրինակ իրավիճակում», - հարց է դիտարկում «Հայոց աշխարհ»-ը՝ այս առումով ընդգծելով. - «Գլխավորը, որ նախորոշվեն խաղի կանոններն ու հստակ պահպանվեն: Առանց կանոնների խաղը բարդ բան չէ: Բայց ինչքան ավելի շատ է կողմերից մեկը թույլ տալիս իրեն թաքցնել մրցակցի նավակը պիջակի գրպանում, հետ վերցնել քայլերն ու ասել, թե այստեղ ոչ մի ձի էլ կանգնած չէր, այնքան ավելի ուժգնանում է տախտակի վրայից բոլոր խաղաքարերն ընդհանրապես շպրտելու հակառակ կողմի ցանկությունը»: Դե, իսկ բոլոր այդ խոսակցությունները, թե մեզանում գործում է ազատ քաղաքական մրցակցությունը ճնշող սահմանափակումների մեծ քանակություն, ըստ «Հայոց աշխարհ» թերթի՝ «պարզապես լուրջ չեն»:

«Մարդկության պատմության մեջ ոչ մի երկրում ոստիկանությունը ոչ մի անգամ չի դավաճանել այն կառավարությանը, որին ծառայում է», - հավաստում է փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը «168 ժամ» շաբաթաթերթում: «Հայաստանում առաջիկայում կլինի՞ հեղափոխություն» հարցին նա պատասխանում է. - «Հեղափոխության համար երեւի Մարքսին պետք է վերհիշենք, որն ասում էր՝ հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ ներքեւները չեն ուզում ապրել հին ձեւով, իսկ վերեւները չեն կարողանում ղեկավարել հին ձեւով... Այսօրվա դրությամբ, չեմ կարծում, թե կարող եք ԽՍՀՄ նախկին տարածքում գտնել որեւէ պետություն, որն ունի այն կայուն վիճակը, ինչպիսին Հայաստանում է», - ասում է Վարյանը: - «Կարող եք համեմատել նաեւ մեր հարեւան պետությունների հետ, որոնք շուտ են ստեղծվել եւ վաղուց են անկախ: Դա Իրանն է, Թուրքիան... Չեմ ասի, թե նրանց քաղաքացիները մեզանից լավ են ապրում: Էլ չեմ խոսում Ադրբեջանի ու Վրաստանի մասին: Համոզված եմ, որ այդ ամեն ինչ պետք է համեմատության մեջ նայել ու ասել»: Իսկ այսօր, ըստ փոխոստիկանապետի՝ «ինչ-որ իդեալական բան են ուզում, ինչը անհնար է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG