Մատչելիության հղումներ

Մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է


Մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որ սկսվել էր դեռ երեկվանից, աննախադեպ ստվար էր ամբողջ օրվա ընթացքում եւ շարունակվում է նաեւ ուշ երեկոյան:

Նախագահ Քոչարյանը, ով երկրի ողջ ղեկավարության հետ միասին հուշահամալիր էր այցելել կեսօրին, չխախտելով ավանդույթը, հեռացավ առանց լրագրողներին մոտենալու: Պետական մյուս այրերը, հակառակը, հակված էին խոսելու:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, վերջին շրջանում Ցեղասպանության խնդրի լայն արծարծումն ու ակտիվացած քննարկումները անհրաժեշտ են Թուրքիայի հետ հարաբերություններ, տնտեսական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու գործընթացների համար:

Խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ 21-րդ դարում ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը դատապարտելու է Ցեղասպանությունը:

«Արդեն այսօր հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում մի շարք առաջատար պետությունների դիրքորոշումներում», - ավելացրեց նա: - «Երբ եվրոպական խոշոր գերտերություններն են այսօր խոսում Ցեղասպանության ճանաչման մասին, սա այլեւս անդառնալի է, եւ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը»:

Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու եկած՝ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ եորգի Բոոսը հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ Թուրքիան Եվրամիություն մտնի առանց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, պատասխանեց. - «Ես չգիտեմ, թե ինչ զարգացում կունենան Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները: Եվրամիությունն ինքը կորոշի իր դիրքորոշումը: Բայց այն, որ Թուրքիան պետք է ընդունի եւ դատապարտի եղելությունը՝ դրանում ես չեմ կասկածում: Եվ կարծում եմ, որ Թուրքիան այդպես էլ կանի»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կարծիքով, առանց Ցեղասպանության ճանաչման Թուրքիային թույլ չեն տա մտնել Եվրամիություն:

Իսկ այն փաստը, որ 18 երկիր արդեն ճանաչել է ցեղասպանությունը, դա, ըստ նախարարի, մեր դիվանագիտության հաղթանակն է: «Ես վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչում լինելու է», - ավելացրեց Սերժ Սարգսյանը: - «Ներողություն խնդրելն էլ մեզ համար ինքնանպատակ չէ: Թուրքերը պետք է ճանաչեն իրենց նախնիների սխալը, որպեսզի մենք՝ հայերս վստահ լինենք մեր սերունդների ապագայի նկատմամբ»:

Բազմաթիվ էին նաեւ արտերկրի պատվիրակությունները, տարբեր եկեղեցիների ու կրոնների ներկայացուցիչները: Անդրկովկասում Վատիկանի դեսպան, Հռոմի պապի ներկայացուցիչ Կլաուդիո Գուջերոտտին եկել էր Վատիկանի անունից մատուցելու հարգանքի տուրքը եւ ասելու, որ իր պետությունը դատապարտում է տեղի ունեցածը:

«Կա մեր 2 եկեղեցիների հայտարարությունը, որտեղ արտահայտված է կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումն ու վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ, որն այդքան տանջանքներ է ապրել», - ասաց նա:

Ծիծեռնակաբերդում այսօր կարելի էր տեսնել նաեւ մեծ թվով թուրքերի՝ իհարկե նրանց, ովքեր իրենց երկրում փոքրամասնություն են կազմում՝ ընդունելով ու դատապարտելով Ցեղասպանությունը: ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թանր Ակչանը, օրինակ, իր երկրում պերսոնա նոն գրատա է: Արդեն 3-րդ տարին է՝ ապրիլի 24-ին նա գալիս է Հայաստան: Ակչանը համոզված է, որ եթե թուրք հասարակությունը չկարողանա «դեմ առ դեմ կանգնել իր պատմության հետ, այն երբեք չի կարողանա ժողովրդավարական հասարակություն ձեւավորել»:

«Իսկ դրա համար Թուրքիան պետք է ճանաչի ոչ միայն հայերի Ցեղասպանությունը, այլեւ անցյալի իր բոլոր սխալները եւ ես հույս ունեմ, որ հիմա մենք այդ ճանապարհին ենք», - ավելացրեց նա՝ հույս հայտնելով, որ շուտով «Թուրքիայում բաց ու ազնիվ քննարկում տեղի կունենա 1915-ի իրադարձությունների վերաբերյալ»: - «Հույս ունեմ, որ դա կնպաստի, որպեսզի մեծանա թուրք հասարակության տեղեկացվածությունը, ինչը կբերի նրան, որ երկրի ներսում հասարակության ճնշումն այնքան ուժեղ կլինի, որ Թուրքիայի կառավարությունը ստիպված կլինի ձերբազատվել իր ժխտողական քաղաքականությունից»:

Ծիծեռնակաբերդ էին եկել նաեւ նախկինում Թուրքիայում, իսկ ներկայումս Եվրոպայում բնակվող մոտ 5000 թուրքերի, քրդերի, հայերի միավորող՝ Եվրոպայի աշխատավոր թուրքերի կոնֆեդերացիայի ներկայացուցիչները, ովքեր թռուցիկներ էին բաժանում հուշահամալիրի շրջակայքում, որոնցում Թուրքիայից պահանջվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Կազմակերպության առաջնորդ, գերմանաբնակ Օսգյուլ Ջեմն ասաց, որ Թուրքիայի կողմից իրենց վրա բազմաթիվ ճնշումներ կան, բայց իրենք շարունակելու են պայքարը:

«Թուրքական պետությունը 1915 թվականին հայկական ցեղասպանության համար պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից: Մենք դատապարտում ենք Ցեղասպանությոնը, եւ պետք է թուրքական պետությունն էլ դատապարտի այն», - ասաց Օսգյուլ Ջեմը:

«Եթե մենք ուզում ենք այդ, որ հարցը լուծվի՝ մենք ուզում ենք դա տեսնել որպես խոստովանություն, որպես հաշտություն», - «Ազատություն» ռադիոկայանին Ծիծեռնակաբերդում ասաց միջին տարիքի մի երեւանցի: - «Դուք արել եք դա չար նպատակով, մենք դա հասկացել ենք ու ներել ենք: Հայը պետք է ների, թուրքն էլ պետք է խոստովանի»:

Իսկ 90-ամյա Գուրգեն Դագեսյանը, ով ոտքով բարձրանում էր դեպի հուշահամալիր, ով Ցեղասպանության ժամանակ կորցրել էր ավագ քույրերին, ասաց. - «Ինձ համար բոլորը իմ զավակներն են՝ որ ազգից էլ լինեն»:

Նրա խոսքերով, կարելի է անգամ ներել կատարվածը, բայց չի կարելի ներել, երբ այսօր՝ նորմալ պայմաններում, մարդիկ հերքում ու խեղաթյուրում են կատարվածը:


Նանե Աճեմյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG