Մատչելիության հղումներ

Հարյուր հազարավոր մարդիկ արդեն այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի օրը ակնկալվում է, որ 1,5 մարդ կայցելի Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Մեծ Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, որ անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայի պետական կառույցների կողմից իրականացված հայաջինջ ծրագրով կատարվեց մի ոճրագործություն, որ «մեր ժողովրդի եւ մարդկության պատմության մեջ չուներ իր նախօրինակը եւ նույնիսկ անուն չուներ»։

«Մենք տվեցինք միլիոնավոր զոհեր եւ հազարամյակների հոգեւոր-մշակութային եւ նյութական ժառանգության անչափելի կորուստներ», - շարունակել է Հայաստանի նախագահը։ - «1915 թվականը դարձավ սահմանաբաժան մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում։ Այն կտրուկ կերպով փոխեց եւ խաթարեց հայ ժողովրդի բնականոն զարգացման ուղին։ Դրա ծանր հետեւանքները մինչեւ այսօր իրենց զգացնել են տալիս թե՛ հայրենաբնակ, թե՛ սփյուռքի հայության կյանքում»։

Ուղերձում Քոչարյանը նշել է, նաեւ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը միայն Հայաստանին վերաբերող խնդիր չէ, եւ պետք է այսօր դիտարկվի «տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության համատեքստում»։

«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ հայության շարժառիթները վրեժխնդրական չեն։ Մենք այսօր էլ բարձրաձայնում ենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու մեր պատրաստակամության մասին։ Բայց Թուրքիայի մերժողական կեցվածքն այս հարցում, հարուցում է ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության տարակուսանքը», - ասված է ուղերձում: - «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հիշատակի առաջ՝ համակված վշտով, բայց նաեւ՝ համոզվածությամբ, որ Հայաստան պետությունը երաշխիքն է հայության անվտանգության ու հավերժության»:

Ծիծեռնակաբերդ այսօր առավոտյան այցելեցին Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի խոսնակը, վարչապետը, կառավարության անդամները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:

Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները՝ այդ թվում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, ինչպես նաեւ Հայաստանում գործող միջազգային կառույցները ներկայացնող անձինք, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լիզ Գրանդեն։

Առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին մի շարք թուրք գիտնականներ, ովքեր մասնակցում էին Երեւանում երեկ ավարտված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային համաժողովին:

Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբեր սկսվել էր դեռ երեկ երեկոյան: Արդեն ձեւավորված ավանդույթով, ՀՅԴ Նիկոլ Աղբալյանի անվան ուսանողական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս տարի առաջին անգամ կազմակեպվեց ու անցկացվեց պետականորեն: Այս տարի երթին մասնակցեցին նաեւ հատուկ այդ առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայ ուսանողներ, ինչպես նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ:

1500 ջահակիրները ակցիայի հազարավոր այլ մասնակիցների ուղեկցությամբ Հանրապետության հրապարակից մայրաքաղաքի փողոցներով երթով հասան Ծիծեռնակաբերդ: Երթի մասնակիցները տանում էին 30 մ երկարությամբ Հայաստանի պետական դրոշը, հնչում էին «Ճանաչում» կոչեր: Երթն առաջնորդում էին Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները:

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առաջին անգամ 8 լեզուներով հնչեց «Ադանա» երգը, որը կատարեցին ամերիկացի Դանիել Դեքերը (ով նաեւ երգի խոսքերի հեղինակն է), գերմանացի երգիչ Կայ Աուգագենը, բուլղարացի օպերային երգիչ Ցվետան Ցվետկովը, ֆինն երգչուհի Ինկան եւ մոլդավացի Վիտալի Դանին:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG