Մատչելիության հղումներ

Բունդեսթագը քննարկելու է «հայերի զանգվածային սպանդի» վերաբերյալ բանաձեւը


Ապրիլի 21-ին Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, քննարկելու է 1915 թվականին 0սմանյան Թուրքիայում «հայերի զանգվածային սպանդին» վերաբերող արձանագրությունը, որում, սակայն, բացակայում է «ցեղասպանություն» տերմինը:

Ինչպես հաղորդում է DPA լրատվական գործակալությունը, տեքստում օգտագործվում են «տեղահանում» եւ «սպանդ» տերմինները:

Հայտարարագրի նախագծում գրված է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին մահմեդական թուրքերի կողմից կատարվել է ծրագրված տեղահանում, որի ընթացքում զոհվել կամ սպանվել է 1 միլիոն 200 հազարից մինչեւ 1, 5 միլիոն քրիստոնյա հայ: DPA-ն նշում է, որ Թուրքիայի կառավարությունը հերքում է այդ վարկածը եւ պնդում, թե «տեղահանման ընթացքում ավելի փոքր թվով հայեր են զոհվել: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել պատերազմի պայմաններում ու հետեւանք են հայերի բարձրացրած ապստամբության»:

Այդուհանդերձ, Բունդեսթագում քննարկվելիք արձանագրության նախագծում մերժվում է Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը. - «Թուրքիան առ այսօր հերքում է, թե այդ իրադարձությունները՝ տեղահանումն ու սպանդը, ծրագրված էին»:

Բունդեսթագի պատգամավորից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, գործակալության թղթակցին ասել է, թե տեքստի նպատակը հայ-թուրքրական հաշտությանը նպաստելն է:

«Մենք ուզում ենք կամուրջներ գցել, այլ ոչ թե շրխկոցով փակել դուռը», - ասել է պատգամավորը:

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Ալի Իրթեմչելիքը քննադատել է Բունդեսթագի արձանագրության նախագիծը՝ պնդելով, թե «հայերի ոչ մի ցեղասպանություն չի եղել»:

«Արձանագրությունում կան բազում սխալներ, այն համահունչ է ֆանատիկոս հայերի պրոպագանդային, արձանագրության նպատակն է՝ վարկաբեկել Թուրքիայի պատմությունը եւ թունավորել Թուրքիայի ու Եվրոպական միության հարաբերությունները», - ասել է դեսպանը:

DPA գործակալությունը նշում է, որ միջազգային ասպարեզում պատմաբանների մեծ մասը «ցեղասպանություն» են որակում 1915-23 թվականների դեպքերը: Գործակալությունը հաղորդում է, որ այս տարվա ապրիլի 24-ին հայությունն ամբողջ աշխարհում նշելու է Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG