Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր փոխանցում է. - «Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի` մայիսին նախատեսված հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կողմերի ստորագրմանն առաջարկել փաստաթղթերի փաթեթ»: «Խոսքը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաթեթի մասին չէ», - ավելացնում է թերթը: - «Ավելի հավանական է, որ այս փուլում մտադրությունների հուշագիր առաջարկվի եւ կից փաստաթուղթ, որը հակամարտության հետագա կարգավորման համար որոշակի իրավական բազա կստեղծի` կարգավորման մի շարք սկզբունքների հիշատակումով»:

«Ազգ» թերթը նեկայացնում է, որ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն «սադրիչներ» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Ինչպե՞ս կարելի է ադրբեջանական ժողովրդին նախապատրաստել փոխզիջումների», - ասել է Գուլուզադեն՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս դեպքում Ադրբեջանը կարող է գնալ փոխզիջման եւ չիրականացնել էթնիկական զտում, ինչպես ժամանակին վարվեցին հայերը՝ այդ տարածաշրջանից վտարելով ադրբեջանական բնակչությանը: Մենք համաձայն ենք այնտեղ թողնել հայկական բնակչությանը, ապահովել նրա իրավունքները եւ տրամադրել մշակութային ինքնավարություն»:

Շարունակելով ղարաբաղյան կարգավորման թեման՝ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը մատուցում է. - «Այժմ արդեն բոլոր հիմքերը կան պնդելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացը հասել է կուլմինացիայի, եւ միջազգային հանրությունը պատրաստվում է Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված «վճռական քայլ» անել»: Մինչ Ադրբեջանի արտգործնախարարը ոգեւորված պատմում է կարգավորման աննախադեպ հնարավորության մասին, Հայաստանի արտգործնախարարը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Ֆրանկֆուրտում նախատեսված հանդիպման մասին ասել է. - «Եթե ինձ հարցնեն, դրա անհրաժեշտությունը չկա»: «Իմիջիայլոց, խոսքն այն հանդիպման մասին է, որի մասին հատուկ հիշատակում կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ», - ճշտում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը տեղեկացնում է. - «Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հանդես է եկել հայտարարությամբ, որով 2005 թվականի ապրիլի 24-ը նահանգում հռչակվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: «90 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ահաբեկչական պատերազմ իրականացրեց հայկական մշակույթի նկատմամբ՝ տեղահանելով, բանտարկելով եւ սպանելով հայկական ծագում ունեցող տղամարդկանց, կանանց ու երեխաների: Մինչեւ 1923 թվականը Օսմանյան կայսրությունը արդեն փլուզված էր, սակայն էթնիկ զտումների նրա հրեշավոր փորձի հետեւանքով բնաջնջվեցին ավելի քան 1,5 միլիոն եւ նախնիների հայրենիքից բռնի տեղահանվեցին 500 հազար հայեր», - նահանգապետի հայտարարությունից մեջբերում է «Հայաստանի Հանրապետությունը»-ը:

Ըստ «Հայոց աշխարհ»-ի, Ավստրիայի «Միություն՝ հանուն ապագայի» կուսակցությունը ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մտցնել երկրի խորհրդարանի օրակարգ: «Կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հերբերտ Շայբները հայտարարել է, որ խորհրդարանում քննարկելու համար իրենք որոշման մի նախագիծ են պատրաստում, որի համաձայն՝ Ավստրիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը», - փոխանցում է «Հայոց աշխարհ»-ը:

«Հեղափոխական իրավիճակ չկա», - «Առավոտ»-ին ասել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: «Նա երկրում տեղի ունեցող գործընթացները բացատրում է եղանակային գործոնով», - գրում է «Առավոտ»-ը: - «Ըստ այդմ՝ ընդունվում է, որ գարունը մարդկանց մեջ հեղափոխական տրամադրություններ է արթնացրել, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանում հեղափոխական իրավիճակ է»:

«Հայոց աշխարհ»-ում նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նկատում է. - «Չեմ բացառում, որ ոչ միայն 2007-ին ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը հանդես գան առանձին, այլեւ 2008-ին պաշտպանեն նախագահի տարբեր թեկնածուների... Չպետք է մոռանալ. եթե նախընտրական «ստարտը» շուտ է տրվում, վերջնագծին հասնելիս նախընտրական էներգիան արդեն սպառված է լինում։ Այս իմաստով, կարծում եմ, որ որոշ կուսակցություններ գալիք ընտրություններում վարկանիշի լուրջ կորուստներ կունենան»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցել է Արտաշես Գեղամյանի խոսքը. - «Իշխանություններն իրենք էլ համոզված են, որ իրենց հաշվված շաբաթներ, լավագույն դեպքում՝ հաշվված ամիսներ են մնացել, եւ պատահական չէ, որ հենց իշխանական կուսակցություններն են սկսել նախընտրական կատաղի պայքար»: «Ես կարող եմ ասել, թե ինչ է անելու եւ ինչ է անում «Ազգային Միաբանությունը», - շարունակել է կուսակցության առաջնորդը։ - «Մայիսի սկզբին նախատեսված է կուսակցության երիտասարդների հավաքը, որը մեզ հնարավորություն կտա տեսնել, թե երիտասարդնե՞րը որքանով են պատրաստ առաջիկայում մեր ձեռնարկելիք հնարավոր գործողություններին: Ուժերի այս համախմբումից հետո, երբ ակնհայտ կդառնա մեր 100 տոկոսանոց պատրաստ լինելը, կկարողանանք հաշվված օրերի ընթացքում մեր դրոշի տակ հավաքել 100 հազարավորների: Իսկ որ սկսված գործընթացներն այլեւս անդարձ տանելու են երկրում ժողովրդավարական իշխանափոխության, դա պայմանավորված է ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ տարածաշրջանային ժողովրդավարացման անխուսափելի զարգացումներով»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG