Մատչելիության հղումներ

Կառավարությունը երկաթուղին մասնավորեցնելու «մտադրություն չունի»


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկուշաբթի օրը ասաց, որ կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը ոչ թե Հայկական երկաթուղու «մասնավորեցումը նախապատրաստելուն էր ուղղված», այլ՝ բխում է Համաշխարհային բանկի՝ Հայկական երկաթուղու բարեփոխումների ծրագրից:

Անցած շաբաթ կառավարության նիստից հետո պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն էր հայտարարել Հայկական երկաթուղու հնարավոր բաժանման ու մասնավորեցման մասին: Սա որոշակի մտահոգություն էր առաջացրել: Հատկապես՝ եթե խոսքը ոչ թե շարժակազմի, այլ երկաթգծի մասին է, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այս կապակցությամբ երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Գծերը չեն մասնավորեցվելու ընդհանրապես: Շարժակազմն էլ մասնավորեցնելու մտադրություն այժմ չունենք: Մենք այժմ դեռ մշակում ենք մեր ընդհանուր մոտեցումը»:

«Ես ստեղծել էի աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել էր միջազգային փորձը՝ հաշվի առնելով այն հանգամանքը նաեւ, որ մոտ երկու տարի է, ինչ Համաշխարհային բանկը հայկական երկաթգծերում բարեփոխումների ծրագիր ուներ: Կառավարության ձեր ասած որոշումը բխում էր այս բարեփոխումների ընթացքից, եւ ոչ թե մասնավորեցումը նախապատրաստելուն էր ուղղված», - շարունակեց Անդրանիկ Մարգարյանը: - «Առայժմ մենք այդպիսի մտադրություն չունենք ո’չ գծերի, ո’չ շարժակազմի վերաբերյալ: Իսկ եթե մասնավորեցման էլ գնանք՝ փորձի ուսումնասիրությունից ելնելով, ավելի հավանական է՝ ոչ թե գծերը, այլ շարժակազմը»:

Իսկ Հայաստանի տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը ճեպազրույցում հավանաբար խոսել է շարժակազմի մի մասի հնարավոր մասնավորեցման շուրջ:

«Այսօր այդ խոսակցությունները դեռ վաղ են, որովհետեւ մենք հիմա պատրաստում ենք երկաթուղու զարգացման ծրագիրը: Միգուցե այդ ծրագրում կներառվի երկաթուղու շարժակազմի մի մասի սեփականաշնորհումը, բայց՝ ոչ ամբողջ երկաթուղու», - այդուհանդերձ հավելեց նախարարը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG