Մատչելիության հղումներ

Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել մաքսանենգ ճանապարհով զենք փոխադրելու գործով կասկածյալին


Հայաստանի իրավապահ մարմինները, ինչպես տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Միացյալ Նահանգներին են հանձնել մաքսանենգ ճանապարհով զենքեր Միացյալ Նահանգներ արտահանելու գործով կասկածյալ Արմեն Բարսեղյանին:

Դեսպանությունը փոխանցում է, որ Բարսեղյանը ապրիլի 15-ին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ որ «ԱՄՆ Իրավաբանների գրասենյակի մամուլի քարտուղարը շաբաթ օրը նշել է, որ ինչպես Բարսեղյանը, այնպես էլ այս գործով հետաքննվող մյուս 20 մեղադրյալները դատարանի առջեւ կկանգնեն այս շաբաթ»:

Վերջիններս ձերբակալվել էին անցած ամիս Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ Ֆլորիդայում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իրականացված գործողության արդյունքում: Խմբի ղեկավարներից է Հայաստանի 26-ամյա քաղաքացի Արթուր Սոլոմոնյանը, ով 2001 թվականից Հայաստանում հետախուզվում է՝ զինծառայությունից խուսափելու համար: Նա մեղադրվում է ապօրինի ճանապարհով ռուսաստանյան արտադրության զենքի ու զինամթերքի՝ Միացյալ Նահանգներ փոխադրումը նախապատրաստելու մեջ:

Արթուր Սոլոմոնյանը հեռախոսով դիմել է Երեւանում իր ուսանողական ընկեր Սպարտակ Երիբեկյանին, վերջինս էլ կատարել է ընկերոջ խնդրանքը:

«Սպարտակ Երիբեկյանը դիմել է իր ընկերոջը՝ Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա իր համար որոշ զինատեսակների նկարներ պատրաստի եւ տրամադրի իրեն», - անցած ամիս հրավիրած ասուլիսում ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը:

Արմեն Սարգսյանի տված լուսանկարները Սպարտակ Երիբեկյանը փետրվարի 23-ին էլեկտրոնային փոստով ուղարկել է Միացյալ Նահանգներ՝ Արթուր Սոլոմոնյանին:

«Նշյալ գործը անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ զարգացող համագործակցության վառ օրինակ է», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հայտարարության մեջ: - «Գովելի է շարունակվող հետաքննության ընթացքում Հայաստանի պատկան մարմինների կողմից ցուցաբերված աջակցությունն ու պրոֆեսիոնալիզմը: Դեսպանատունը իր հատուկ երախտագիտությունն է հայտնում Հայստանի Հանրապետության գլխավոր դատախազին, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին` իր անմիջական միջամտության համար: Կասկածյալները բերման են ենթարկվել մինչեւ Հայաստանից որեւէ միավոր զենք արտահանելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG