Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 16-ը ապրիլի)

«Առավոտ» թերթը փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը. - «Այս զգայուն պահին, երբ կողմերի միջեւ քննարկումների ձեւաչափում կարող է առաջին քայլը կատարվել համանախագահների միջնորդությամբ մշակված համաձայնագրի ուղղությամբ, մենք կողմերին վճռականորեն կոչ ենք անում նախապատրաստել իրենց երկրների բնակչությանը հավասարակշռված համաձայնագրին, որը փոխզիջումներ կպահանջի երկու կողմերից»: Մեկնաբանելով՝ «Առավոտ»-ը նկատում է. - «Հայտարարության մեջ առանցքայինը, բնականաբար, «նախապատրաստել» բառն է, որը կրկնվում է երկու անգամ: Համանախագահները դիվանագիտական լեզվով հասկացնել են տալիս պաշտոնական Երեւանին ու Բաքվին, որ նրանք նախապատրաստեն իրենց ժողովուրդներին երկու կողմերի համար էլ ցավալի զիջումներին: Մինչդեռ Հայաստանի եւ, առավել եւս, Ադրբեջանի իշխանությունները գործում են հակառակ ուղղությամբ՝ փորձելով համոզել իրենց հասարակություններին, թե լուծումը կլինի այնպիսին, որ իրենց «հպատակները» գոհ կմնան, իսկ դիմացինները՝ դժգոհ»:

«Ազգ»-ը հրապարակել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, ուր ասված է. - «Լոնդոնյան հավաքը նպատակ էր հետապնդում նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսին նախատեսված հնարավոր հանդիպումը»: Թերթը նշում է, որ այլ մանրամասներ չեն հաղորդվում՝ հետեւյալ կերպ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը. - «Ըստ էության, նախքան համանախագահների կոչը, պաշտոնական Երեւանն արդեն իսկ ձեռնամուխ էր եղել հայ հասարակությանը նախապատրաստել հնարավոր փոխզիջումների: Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խնդրի լուծումը երկու կողմերի համար էլ ցավոտ է լինելու, քանի որ անցավ զիջում չի լինում»: «Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, համանախագահների տարածած հայտարարության մեջ ակնարկ կա հակամարտության կարգավորման բեկման հնարավորության մասին:

«Առավոտ»-ի փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության տեքստը. - «Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մենք առաջընթացի հնարավորություն ունենք: Քանի որ սկզբունքորեն Պրահայի գործընթացն արդարացնում է իրեն: Այն պայմանավորվածությունները, որոնց մենք հասել ենք, առնվազն թույլ են տվել համաձայնեցնել բանակցությունների ձեւաչափը: Այդ պատճառով ակնկալում ենք, որ Ռուսաստանը՝ որպես մեր գործընկեր, հարեւան, ինչպես նաեւ գործընթացի համանախագահող երկիր, պետք է ինտենսիվացնի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը»:

«Առավոտ» թերթը նաեւ փոխանցում է, որ ապրիլի 20-23-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Ժակ Շիրակի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ: Ռոբերտ Քոչարյանի այցը նախատեսված էր ապրիլի 4-6-ը, սակայն հետաձգվել էր նախագահի ոտքի վնասվածքի պատճառով:

«Քոնդոլիզա Ռայսը գալու է Անդրկովկաս», - փոխանցում է «Ազգ»-ը: - «Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը ադրբեջանական «Սփեյս» հեռուստաընկերությանն ասել է, որ մայիսին Ադրբեջան կժամանի ԱՄՆ պետքարտուղարը: Հարնիշն ասել է, որ Կոնդոլիզա Ռայսն Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը: Ակնկալվում է, որ տարածաշրջան այցելության շրջանակներում Ռայսը կլինի նաեւ Թբիլիսիում ու Երեւանում»:

Արձագանքելով նախորդ օրվա հայտարարություններին, թե Ազգային ժողովի աշխատանքի տապալման պատճառով խորհրդարանում է կարող է ձեւավորվել նոր մեծամասնություն, «Հայոց աշխարհ»-ը փոխանցում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի մեկնաբանությունը. - «Ես չեմ կարծում, որ հնարավոր է նոր մեծամասնության ձեւավորում։ Մեզ համար հասկանալի չէ, թե ինչ է դա նշանակում եւ ո՞ր քաղաքական ուժերն են լինելու այդ մեծամասնության մեջ»: «Նոր մեծամասնություն չի լինի», - պնդում է նաեւ «Առավոտ»-ը: - «Ե՛վ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, ե՛ւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հերքեցին խորհրդարանական նոր մեծամասնության ձեւավորման հավանականությունը»: «Մենք մեր ճանապարհով գնում ենք՝ որեւէ մեկի չենք միանա, որեւէ դաշինքի մեջ չենք մտնի», - «Առավոտ»-ին ասել է Արսենյանը: Իսկ Կարեն Կարապետյանը նշել է, թե «մոտ ապագայում նման բան չի լինի եւ որեւէ մեկի հետ չեն բանակցել այդ խնդրի շուրջ»:

«Առավոտ»-ը փոխանցում է, թե «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հերքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի պնդումը, թե վեհաժողովի առաջիկա նստաշրջանում Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ընթացքի արտահերթ քննարկումը պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի նախաձեռնությունն է, որը ԵԽԽՎ մի շարք պատգամավորների «հրահրել է ստորագրել նման առաջարկության տակ»: Վիկտոր Դալլաքյանը նշել է, թե Թորոսյանը չի տիրապետում տեղեկատվությանը: «Շավարշ Քոչարյանը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել», - ասել է Դալլաքյանը: - «Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Եվրախորհրդի 25 պատգամավորներ՝ Ռասսել Ջոնսթոնի գլխավորությամբ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG