Մատչելիության հղումներ

Թուրքիան կրկին կոչ է անում Հայաստանին ստեղծել Ցեղասպանության փաստը ուսումնասիրող համատեղ հանձնաժողով


Թուրքիան չորեքշաբթի օրը կրկին կոչ է արել Հայաստանին ստեղծել պատմաբանների անկողմնակալ հանձնաժողով, որը կստուգի «հայերի պնդումները Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության վերաբերյալ»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ լսումների ժամանակ արտգործնախարար Աբդուլլա Գյուլը ասել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նամակ Է գրել Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով որպես առաջին քայլ համատեղ հանձնաժողով ստեղծել «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու համար»:

«Կրկնում եմ այս կոչը մեկ անգամ եւս: Թուրքիան որեւէ խնդիր չունի իր պատմության հետ», - հայտարարել է Գյուլը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել պաշտոնական Երեւանի վրա՝ ընդունելու Թուրքիայի առաջարկը:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, նախագահի աշխատակազմի կողմից Գյուլից ուղարկված այդպիսի նամակ չի մուտքագրված:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը առաջին անգամ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկով հանդես էր եկել մարտի 9-ին, սակայն Հայաստանը անմիջապես մերժել էր այն. արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե «պատմաբաններն իրենց մասով արդեն ամեն ինչ ասել են, եւ ցեղասպանության փաստը չի կարող հարցականի տակ դրվել»:

«Հայաստանը երբեք չի հրաժարվի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից, քանի որ Հայաստանի համար անվտանգության լուրջ երաշխիքներ չեն կարող լինել, եթե Թուրքիան չճանաչի Ցեղասպանության փաստը», - չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, թե Հայոց ցեղասպանության հարցը կդրվի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ հոկտեմբերին սկսվելիք բանակցությունների օրակարգում: «Օրակարգում դնել՝ չի նշանակում պահանջել, թեեւ լավ կլիներ, որ դա լիներ պահանջ: Բայց ես չեմ կասկածում այն բանում, որ հարցը կլինի օրակարգում», - ընդգծել է Վարդան Օսկանյանը:

Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը անցած շաբաթ ասել էր, թե Թուրքիան տեղի չի տա այս հարցում Եվրամիության ճնշմանը: « Մենք ականատես ենք դառնում ջանքերի, որ ուղղված են Եվրամիությանը անդամակցության գործընթացին ուղղակի կապ չունեցող նախապայմաններ առաջ քաշելուն», - հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

Իսկ երկուշաբթի օրը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, եւ կոչ էր արել պահանջների հարցում լինել ավելի իրատես:

«Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցն է, իսկ ճանաչումից հետո իրավական հարցերը կարող են կարգավորվել հետագա բանակցություններում», - նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG