Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հակադարձում է նախագահ Քոչարյանի քննադատությանը


Հայաստանյան ընդդիմության ղեկավարները երեքշաբթի օրը հակադարձեցին նախորդ օրը Երեւանի տնտեսագիտական համալսարանում նախագահ Քոչարյանի քննադատությանը, թե ընդդիմությունը «կոմպլեքսավորվում է», քանի որ չի կարողանում Հայաստանում հեղափոխություն իրականացնել:

«Իրենց [հայաստանյան ընդդիմադիրների] մոտ չի հաջողվել եւ չի հաջողվում ոչ թե նրա համար, որ իրենք շատ վատն են, այլ նաեւ նրա համար, որ երկիրը ավելի լավն է մեր մոտ եւ իշխանությունը ավելի արդյունավետ է», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով. - «Եթե այսպես ձեւակերպենք, միգուցե իրենց մոտ այդ կոմպլեքսավորվածության աստիճանը կնվազի եւ կհանգստանան»:

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց իշխանության ունեցած կոմպլեքսների մասին՝ առանց, սակայն, դրանցից ազատվելու խորհրդի, քանի որ «դա ուղղակի հնարավոր չէ»:

«Գոյություն ունի ոչ լեգիտիմության կոմպլեքս, բարդույթ հասկացությունը: Այ այդ բարդույթից անհնար է ազատվել», - ասաց Դեմիրճյանը:

«Արժե անդրադարձ կատարել նրան, թե ինչ է հասկանում նա [նախագահ Քոչարյանը] ուժեղ իշխանություն, արդյունավետ իշխանություն ասելով», - շարունակեց նա: - «Արդյունավետ, ուժեղ իշխանություն, ըստ այս վարչախմբի, այն իշխանությունն է, որը կարող է ուժ կիրառել իր ժողովրդի նկատմամբ... Սա է այն «կազմակերպված» պետությունը, որի մասին սիրում են խոսել այս իշխանությունները. կազմակերպված կեղծիքներ, բռնություններ, կազմակերպված կոռուպցիա: Ահա սա է այս իշխանության դեմքը»:

«Ո՞վ ավելի շատ կոմպլեքսավորվելու տեղ ունի», - իր հերթին հարց բարձրացրեց «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ ինքն էլ պատասխանելով. - «Այն մարդը, որը Ազգային ժողովի շենքից դարանակալած դուրս է գալիս Ազգային ժողովի դիմացը պատգամավորների է ծեծում»:

«Մենք շուտով Հայաստանում կիրականացնենք իշխանափոխություն եւ երբեք ու երբեք այն սխալները, որոնք թույլ են տալիս իրենց այս իշխանությունները, չենք կրկնի», - ավելացրեց Գեղամյանը:

Նախագահը երեկ խոսել էր նաեւ երկրի տնտեսական աճի մասին՝ նշելով, որ անցած տարի Հայաստանում գրանցվել է 10,1 տոկոս տնտեսական աճ, եւ ասել էր. - «Պատկերացրեք, մինչեւ իմ հանդիպումը այստեղ, երեկ մեր ընտանիքում տիկինը ասում է՝ էդ տնտեսական աճից քիչ խոսա, հետո քննադատում են»:

«Ճիշտ են նրանք, ովքեր խորհուրդ են տվել չխոսել այդ տնտեսական հրաշքների, տնտեսական աճի մասին», - ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Որպես նվաճում ներկայացվում է, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են: Բայց ինչի՞ հաշվին. հազարավոր ուսուցիչների կրճատման հաշվին»:

Ընդդիմադիրները նախագահի քննադատությանը հակադարձեցին նաեւ խորհրդարանական ամբիոնից՝ հայտարարությունների ժամին:

«Քոչարյանի գլխավորած խունտան անցած տարվա ապրիլի 13-ի գիշերային ավազակային հարձակմամբ փորձեց ահաբեկել ժողովրդին», - ասաց «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Սիրելի հայրեկիցներ, եկել է քարերը նետելու ժամանակը: Ժամն է միաբանվելու, արդարություն հաստատելու եւ վերջին զարկը երերուն վարչախմբին հասցնելու»:

ՀԺԿ ղեկավար անդամ, պատգամավոր Վարդան Մկրտչյանը հիշեցրեց, որ մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել անցած տարվա ապրիլյան դեպքերի համար:


Շաքե Ավոյան եւ Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարում՝ Բաղրամյան պողոտան 2004 թվականի ապրիլի 12-ին:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG