Մատչելիության հղումներ

Եվրոպական հայկական դաշնությունը վերապահումով է մոտենում Եվրախորհրդարանի վաղվա քննարկումներին


Ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում անցկացվելու են քննարկումներ «Անցյալի ապագան. հայերի վիճակը Թուրքիայում» եւ «Անկարա-Երեւան հարաբերությունները» թեմաներով:

Քննարկումները նախաձեռնել է Կանաչների խմբակցությունը եւ դրանք պետք է վարի խմբակցությունում Գերմանիայի ներկայացուցիչներից մեկը`ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը:

Ստրասբուրգ հրավիրվածների թվում են ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանից պատմաբան Թաներ Աքչամը, թուրքական «Զաման» թերթի թղթակից Էթյեն Մահչուբյանը, հայերեն եւ թուրքերեն հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եվրոպական հայկական դաշնության ատենապետուհի Հիլդա Չոբոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Կանաչների խմբակցության ղեկավարը, պատասխանատուները միշտ հանդես են եկել թուրքամետ դիրքերից:

Եվրախորհրդարանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 1987 թվականին, ուստի ի՞նչ նպատակով են անցկացվելու վաղվա քննարկումները. այս հարցին Հիլդա Չոբոյանը պատասխանեց, թե Եվրախորհրդարանում թուրքական ազդեցության տակ գտնվող ուժերը «փորձում են շփոթություն ստեղծվել»:

«Դա փորձ է, որ Եվրախորհրդարանում նաեւ ասվի, թե Հայոց Ցեղասպանությունը հաստատված իրողություն չէ», - ասաց նա:

Հիլդա Չոբոյանը նաեւ նշեց, որ լսումներին մասնակցելու հրավերում կազմակերպիչները չեն գործածել «ցեղասպանության» բառը: Նրանք նշել են, թե քննարկումները հրավիրվում են «պատմության մեկնաբանությունների համար»: Սա, ըստ Չոբոյանի, նշանակում է, թե «եղածը անորոշ բան է եւ որ տակավին մեկնաբանության կարիք կա»:

«Սա ուրացման քաղաքականության ամենամեծ կետերից մեկն է», - ավելացրեց Չոբոյանը:

Հիլդա Չոբոյանը նաեւ որոշ վերապահումներ հայտնեց լսումներին թուրքահայ լրագրողների մասնակցության առնչությամբ՝ ասելով, թե Թուրքիայի հայ համայնքի համեմատ նրանք խոսելու ազատություններ ունեն, բայց նաեւ սահմափակումներ ունեն, «եւ այդ սահմափակումները գալիս են Թուրքիայի պետականորեն տարվող ուրացման քաղաքականությունից»:

Եվրոպական հայկական դաշնությունը նամակ է հղել Եվրախորհրդարանի անդամներին՝ հայտնելով իր նկատառումները առաջիկա լսումների վերաբերյալ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG