Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Միացյալ Նահանգների Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած ընտրություններին, «Առավոտ» թերթը նշում է. - «Իհարկե հաճելի է, որ հայերը հաղթանակ տարան մեկ առանձին վերցրած քաղաքում, սակայն մեզ՝ հայաստանցիներիս համար այս հանգամանքը փոքր-ինչ վիրավորական է: Մի՞թե անպայման պետք է արտագաղթել, որպեսզի լինելով ազգային փոքրամասնություն եւ ընդդիմություն՝ կարողանաս քո ընտրյալ ներկայացուցիչներին ուղարկել՝ թող որ քաղաքային կառավարման մարմին: Մի՞թե անպայման պետք է քո պատմական հայրենիքից հնարավորինս հեռու գտնվես, որ կարողանաս քաղաքական կարիերա անել, ընդ որում՝ ոչ թե վարչախմբին ծառայելով, այլ հակառակը՝ համալրելով այդ վարչախմբին ընդդիմացողների շարքերը»:

«Հայաստանի քաղաքական որոշակի շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում սպասվող մոտալուտ իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու հարցը: Նման խոսակցությունները դիտորդներին վաղաժամ են թվում, եւ դժվար է ասել, թե իրականում ինչ կա թաքնված այդ խոսակցությունների տակ», - մտմտում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Առավել անհասկանալի է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս իրավիճակում համաձայնեցված են գործում... Իշխանական կուլիսներում տեղի են ունենում պրոցեսներ, որոնց բուն իմաստն ու բովանդակությունը հայտնի է միայն մարդկանց չափազանց նեղ շրջանակի: Բայց թերեւս գաղտիության մթնոլորտը երկար պահպանել հնարավոր չի լինի»: Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր կրկին ընդգծել է. - «Կայունությունն ինքնանպատակ չէ եւ անվերջ շարունակվել չի կարող առանց գործնական բարեփոխումների։ Այդ առումով, ցավոք, դեռ ընդգծված հաջողություններ չունենք»: Ինչ վերաբերում է Հայաստանում հեղափոխության հավանականությանը, որպես կանխարգելիչ, Վահան Հովհաննիսյանը շեշտադրում է. - «Ուժով որեւէ գործընթաց կասեցնել հնարավոր չէ, պետք է վերացնել սնուցող պատճառները, եւ իշխանությունը պետք է այդ խնդիրը լուծի»։

«Այբ-ֆե» թերթի հարցազրույցում «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը խտացնում է. - «Այս վարչախմբի հեռացումը մեր հասարակության արժանապատվության խնդիրն է»: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Իրավունք» թերթում ակնարկում է. - «Առաջիկա օրերին կձեւավորվի միասնական ուժ, որն էլ առաջ կտանի հեղափոխական գործընթացները»: Մի քանի վերլուծականներից մեջբերումներով բխեցնելով, թե այժմ ամբողջ աշխարհում Հայաստանի ներկայիս վարչախումբը համարում են «իր դարն ապրած, դուրս գրած միավոր», «Իրավունք»-ի մեկնաբանը առայժմ արձանագրել է. - «Հեռացման դատապարտված եւ միասնությունից զուրկ իշխանության պայմաններում ընդդիմության ակտիվ գործողություններ չեն նկատվում»:

«Ներկայումս, երբ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի նահանջ է արձանագրվում, առաջնորդները կրկին հայտնվել են տիրոջ փնտրտուքի մեջ՝ վազվզելով մեկ այս, մեկ այն երկրի մայրաքաղաք», - «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն իր այս ձեւակերպում-մեղադրանքը ուղղում է ընդդիմադիրներին: «Սկսված հերթական վազվզոցը կարելի է բացատրել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստվող նոր փաթեթի շուրջ անխուսափելի դարձող դիվանագիտական խաղերի մեջ խցկվելով՝ դերակատար դառնալու ոմանց բուռն ձգտմամբ: Միգուցե ա՞յս անգամ հաջողվի շահել մրցող տերություններից մեկն ու մեկի վստահությունը եւ իշխանության դեմ պայքարում օգտագործվելու հնարավորություն ստանալ», - մատուցում է մեկնաբանը:

Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Գուրգեն Ամբարյանը երեկ կրկին հրաժարվել է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչ միջոցներով է ձեռքբերվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Վոլցվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենան, որի գինը տատանվում է 70-ից 90 հազար եվրոյի սահմաններում: «Հայաստանում այս ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը պատկանում է Ղարիբյանների ընտանիքին, այնպես, ինչպես «Շանթ» ընկերությունը, որը հայտնի է իր արտադրած պաղպաղակով: Ղարիբյաններն ապարանյան ծագում ունեն, ինչպես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ վերջինիս անունը հաճախ է կապվում «Շանթ» ընկերության հետ», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հետաքրքրությունը հետեւյալն է` ճի՞շտ է արդյոք, որ նշված մեքենան Ղարիբյաններն են նվիրել Աղվան Հովսեփյանին: Եթե այո՝ արդյո՞ք դա կոռուպվիա չէ»: Այս փիլիսոփայական հարցին «Հայկական ժամանակ»-ը պատասխանում է. - «Եթե սրտով են նվիրել, կոռուպցիա չէ, իսկ եթե նվիրել են մտքում հայհոյելով` ակնհայտ կոռուպցիա է: Կամ մեկ ուրիշ տարբերակ. եթե 70 հազարանոցն են նվիրել, կոռուպցիա է, եթե 90 հազարանոցը` սրտով է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG