Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը «չի լինի ի հաշիվ ՀԱՊ-ի շրջանակներում համագործակցության»


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ միաժամանակ շարունակելով համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) կազմակերպության շրջանակներում:

Սերժ Սարգյանի խոսքերով, ՆԱՏՕ-ն միշտ իրեն դրսեւորել է որպես Եվրամիության անվտանգությունն ապահովող կառույց: Այդ կառույցը, նրա խոսքերով, իր պարտականությունները լավ է կատարում, եւ մեր երկիրը, իր առջեւ դնելով եվրոպական ընտանիքին միանալու խնդիր, «չի կարող չհամագործակցել այդ կառույցի անվտանգությունն ապահովող կազմակերպության հետ»:

«Մենք անշուշտ խորացնելու ենք մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ եւ, ինչպես բազմաթիվ անգամ ասել ենք, դա չի լինելու ի հաշիվ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր համագործակցության», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա ասաց նաեւ, որ Հայաստանը խորացնելու է հարաբերությունները եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների հետ, բայց դա «չի լինելու հայ-ռուսական հարաբերությունների հաշվին»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագիրը կարող է պարունակել ռազմատեխնիկական բաղկացուցիչ, նախարարը բացասական պատասխան տվեց՝ բացատրելով, թե պատճառն այն չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները խուսափում են դրանից կամ այդ հարցը նրանց չի հետաքրքրում: Միակ պատճառն այն է, որ Հայաստանի «ամբողջ սպառազինությունը ռուսական, խորհրդային արտադրության է»:

«Այս պարագայում փորձել եղած կառույցը, միգուցե նաեւ թերություններ ունեցող կառույցը փոխարինել մեկ այլ համակարգով, ե’ւ տնտեսապես, ե’ւ քաղաքականապես սխալ է», - շարունակեց նա:

Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանում էր Լիտվայի պաշտպանության նախարար, Գեդիմինաս Կիրկիլասի եռօրյա այցի ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

ՆԱՏՕ ում անդամության մեկ տարին վերջերս բոլորած Լիտվայի պաշտպանության նախարարը իր խոսքում ասաց, թե Լիտվան ողջուում է Հայաստանի մերձեցումը ՆԱՏՕ ի եւ Եվրամիության հետ՝ հատկապես ընդգծելով Հայաստանի մասնակցությունը Իրաքում խաղաղապահ գործողություններին:

«Մենք հատկապես ողջունեցինք Հայաստանի որոշումը Իրաքում խաղաղապահ գործողություններին մասնակցելու մասին», - ասաց նա: - «Ես գիտեմ, որ դա Հայաստանի համար հեշտ որոշում չէր, բայց կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG