Մատչելիության հղումներ

Հակածխախոտային օրենքը «ակնհայտորեն չի գործում»


Մարտի 2-ից ուժի մեջ մտած «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման մասին» օրենքը, որով նաեւ արգելվում է ծխելը կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում ու տրանսպորտում, կարծես այնքան էլ չի փոխել իրավիճակը:

Երեւանի պետական համալսարանում, օրինակ, թե' պրոֆեսորադասախոսական կազմը եւ թե' ուսանողները տեղյակ էին օրենքի առկայության մասին, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Մելս Սահակյանը, այն «ակնհայտորեն չի գործում»:

«Որովհետեւ չկան համապատասխան տեղեր, որտեղ կարող են ծխել», - փորձեց բացատրել նա:

Նույն բուհի սոցիալական փիլիսոփայության ու բարոյագիտության ամբիոնի վարիչ Էդվարդ Հարությունյանի փոխանցմամբ, օրենքը ինչ-որ ազդեցություն թողել է, բայց՝ չնչին:

«Վերջին 15-20 օրերին քչացել է, բայց դեռ ծխում են», - ասաց նա՝ ավելացնելով. - «Որոշ խստություններ կան: Մեծ մասամբ դասախոսներն են ծխում: Ես մոլի ծխող եմ եւ ամբիոնում դեռ ծխում եմ»:

Պարոնյանի անվան թատրոնի դերասանները, որոնց մեծ մասը մոլի ծխողներ են, «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանեցին հարցով. - «Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, որ դերասանը չծխի»:

«Մեզ դուր չի գալիս, որ ամեն տեսակ ամերիկյան, եվրոպական օրենքները ուզում են մեր գլխին կապել», - ասաց դերասաններից մեկը:

Մոտավորապես նույնն է վիճակը նաեւ բուժհաստատություններում, ուր եւս սկսել է կիրառվել ծխելու սահմանափակումների մասին օրենքը: Քանաքեռ-Զեյթուն բուժմիավորումում, օրինակ, բժիշկներից մեկը հայտնեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բուժհիմնարկի տնօրենը հավաք է անցկացրել ու զգուշացրել է, որ մարտի 2-ից հիվանդանոցի ներսում ծխելն արգելվում է: Դրանից, սակայն, քիչ բան է փոխվել:

«Մեծ տարբերություն չկա», - ասաց նա: - «Համենայն դեպս, միջանցքում շատ ծխող մարդ չեմ տեսնում: Ես անձամբ ծխում եմ սենյակում»:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը անցած շաբաթ, ի պատասխան հարցին, թե ինչպես է կիրառվում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին օրենքը, ասաց, որ չի լսել այդպիսի օրենքի գոյության մասին:

Մարտի 2-ից ուժի մեջ մտած օրենքը կիրառվելու է 3 փուլով, հետեւաբար սա դեռեւս ծխախոտին վերաբերող սահմանափակումների առաջին փուլն է: Երկրորդ փուլով նախատեսված է, որ եկող տարվա հունվարի 1-ից ծխելն արգելվելու է ոչ միայն կրթական, մշակութային ու առողջապահական, այլեւ մյուս բոլոր հիմնարկներում՝ բացառությամբ դրանց ներսում ծխելու համար առանձնացված հատուկ գոտիների:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG