Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամենաքննարկվող թեման քաղաքում երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոտքն էր», - արձանագրում է «Հայոց աշխարհ» թերթը՝ բխեցնելով. - «Երկրի հետ ինչ-որ բան կարգին չէ»։ «Անլուրջ դատողություններ լուրջ վերլուծության մասին» վերնագրով հոդվածում «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Բավականաչափ զվարճալի է հետեւել, թե ինչպիսի մեկնաբանությունների է արժանանում հհշական մամուլում ամերիկյան հեղինակավոր Stratfor կենտրոնի վերլուծությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած վերջին այցելության վերաբերյալ: Որեւէ կասկած չունենք առ այն, որ Stratfor կենտրոնը որոշակի դեր ունի Հայաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մշակման գործում եւ նրա վերջին վերլուծությունը մեր իշխանություններին ուղղված յուրահատուկ ազդանշան-հորդոր էր երկրի արտաքին քաղաքականության վեկտորը դեպի ԱՄՆ թեքելու նպատակով»: «Stratfor կենտրոնը ընդամենը իր առաջարկությունն է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, եւ խոսքը վերաբերում է ոչ թե մեր երկրի նախկին, ներկա կամ ապագա նախագահների ճակատագրին, այլ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությանը», - շեշտադրվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Մինչդեռ առաջացել է ընդգծված արեւմտամետ քաղաքականություն վարելու համար ամենապիտանի թեկնածուների հրմշտոց»:

«Հետխորհրդային երկրներում շրջող հեղափոխության ուրվականը մեր արտաքին քաղաքականության վերանայման խնդիր է դրել իշխանությունների առաջ, եթե, իհարկե, չենք ուզում հայտնվել աշխարհաքաղաքական նոր իրադարձությունների փլատակների տակ», - ընդգծում է «Ազգը» թերթը՝ ներկայացնելով նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանի հետեւյալ տեսակետը. - «Արագ փոփոխվող միջավայրում Հայաստանի ներքին քաղաքական կառուցվածքը որեւէ կերպ չարտացոլեց այդ արտաքին պատկերը: Մեզ մոտ 2002-2003 թվականներին տեղի ունեցած ընտրություններից որեւէ մեկը համակարգի փոփոխություն չբերեց: Այսինքն, մենք շարունակում ենք փոփոխված աշխարհում գոյատեւել նախկին կոնֆիգուրացիաներով: Եվ սա արդեն հեղափոխական իրավիճակի հավանականություն է ստեղծում»: Այդ առումով փորձագետը առանձնացնում է. - «Հայաստանի պարագայում 91 թվականից սկսած իշխանությունը ձեւավորում եւ իշխանությունից հեռանում են բացառապես ղարաբաղյան հիմքի վրա: Հետեւաբար ակնհայտ է, որ որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն սկսեն տարվել... Հնարավոր է, որ Հայաստանում գունավոր հեղափոխության սցենարն արդեն ընթացքի մեջ է»:

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, երեկ պատմական շրջադարձ է տեղի ունեցել՝ հիմնավորապես փոփոխության է ենթարկվել սահմանադրական բարեփոխումների՝ կոալիցիայի ներկայացրած փաթեթը, եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր դիտողություններն ու առաջարկները որոշվել է ներառել սահմանադրական փոփոխությունների նախագծում: «Մինչեւ վերջերս Հայաստանի իշխանությունները առանձնապես հակված չէին ընդունելու եվրոպական կառույցների այն առաջարկներն ու պահանջները, որոնք վերաբերում էին հատկապես երկրի նախագահի լիազորությունները սահմանափակելուն», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հիմա չի բացառվում, որ հանուն ինքնապահպանման, Հայաստանի իշխանությունները որոշել են ընդունել Արեւմուտքի խաղի կանոնները եւ իրենք են որոշել ստանձնել երկրում ժողովրդավարական բարեփոխումների պատասխանատվությունը: Չի բացառվում նաեւ, որ այս ամենն ընդամենը իշխանությունների խուճապի հետեւանք է: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանափոխության համաճարակը հասել է Հայաստան եւ այս անգամ ամեն ինչ կարծես թե իսկապես լուրջ է»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում հիմնովին դժգոհել է խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանից. - «Ինքը ընդհանրապես Սահմանադրության հետ գործ չպետք է ունենար: Նա իրեն ամենագետի տեղ դնելով մասնակցում է ամեն ինչին եւ, փաստորեն, ինքն է ամեն ինչ խառնում, շփոթում ու մարդկանց շփոթության մեջ գցում»: «Գնում է Ստրասբուրգ՝ մոռանում է, թե այստեղ ինչ քննարկումներ են կատարվել, երբ վերադառնում է Երեւան, մոռանում է, թե Ստրասբուրգում ինչ հարցեր են քննարկվել: Դրա համար էլ մեր վիճակն այսպիսին է՝ Ստրասբուրգում մեր մասին հատկապես վերջին տարվա բոլոր որոշումները մեր օգտին չեն, եւ Հայաստանը տուժում է», - շաղկապում է Ռաֆիկ Պետրոսյանը:

«Չնայած դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը ենթադրում է ներքին սպառողական գների նվազում, նման միտում Հայաստանի ներքին շուկայում գոնե առայժմ չի նկատվում: Ավելին՝ հունվար-փետրվարին սպառողական գները միջին հաշվով ավելացել են մոտ 5 տոկոսով», - ամրագրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: «Ազգ» թերթում էլ «Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում են այլանդակությունները» որակման ներքո հերթական տարակուսանքի ճիչն է, որ չնայած վերջին շաբաթներին դոլարը եվրոյի նկատմամբ արժեվորվել է ավելի քան 4 տոկոսով, Հայաստանում նույն ժամանակահատվածում արժեզրկվել են ե’ւ դոլարը, ե’ւ եվրոն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG