Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ընդլայնելու է գործունեությունը Հայաստանում


Ավագ բանկիր Մայքլ Վայնստայնին նշանակելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար, Եվրոբանկը բարձրացրեց իր ներկայության մակարդակը Հայաստանում։ Նորանշանակ ղեկավարը երեքշաբթի օրը հայտարարեց, որ ՎԶԵԲ-ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:

Մինչ այժմ Եվրոբանկը Հայաստանում իր ներդրումային ծրագրերն իրագործում էր Թբիլիսիի գրասենյակի ու նրա տնօրեն՝ Նիկոլայ Հաջինսկու միջոցով։

Երեքշաբթի օրը հրավիրած մամուլիս ասուլիսում ինչպես Հաջինսկին, այնպես էլ Վայնստայնը հայտարարեցին, որ Եվրոբանկի գործունեությունը Հայաստանում ընդլայնում են ինչպես տնտեսության մասնավոր հատվածի վարկավորման, այնպես էլ ընկերությունների կապիտալում ուղղակի մասնակցության ձեւով։ Ավելին, նորանշանակ տնօրենը չբացառեց նաեւ Եվրոբանկի մասնակցությունը նոր ձեւավորվող հիպոթեկային շուկային:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայաստանյան բանկերից մեկի՝ «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է։ Այն նաեւ արտահանման օժանդակության ծրագրեր է իրագործում հայաստանյան մի քանի այլ բանկային կառույցների, մասնավորապես, «Անելիք» եւ AGBA բանկերի հետ։

Երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրենը տեղեկացրեց, որ Եվրոբանկը ծրագրում է արդեն կատարված ներդրումներին ավելացնել նոր ներդրումային ծրագրեր Հայաստանի ագրոբիզնեսի, հանքանյութի արդյունահանման եւ վերամշակման, տուրիզմի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտներում։

Ավելի քան 15 միլիարդ եվրո կապիտալ ունեցող ՎԶԵԲ-ը, ըստ էության, բիզնես կառույց է, որ ներդրումներ է անում այն երկրներում, որտեղ հնարավոր է ներդրած կապիտալից շոշափելի եկամուտներ ստանալ։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Նիկոլայ Հաջինսկին ասաց, թե, քանի որ իրենց կատարած ուղղակի ներդրումները սովորական վարկերի համեմատ ավելի ռիկսային են, ապա իրենք դրանցից առնվազն 20 տոկոս շահույթ են ակնկալում։

Այդուհանդերձ, անցումային երկրների մասնավոր բիզնեսները փափագում են իրենց սեփականության որոշակի բաժնեմասերը զիջել Եվրոբանկին, որովհետեւ այդ հզոր ֆինանսական կառույցի հետ գործընկերությունը նրանց ապահովագրում է սեփականության բռնի վերաբաշխումներից եւ պետական ռեկետից՝ հատկապես, քաղաքական իրավիճակի կտրուկ փոխությունների դեպքում։

Ընդհանուր առմամբ, 1993 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ավելի քան երկու տասնյակ ներդրումային ծրագրեր է հաստատել՝ շուրջ 150 միլիոն եվրո արժողությամբ։ Միայն այս տարվա համար հաստատվել են 12 ներդրումային ծրագրեր՝ 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG