Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը ոտքի վնասվածքի պատճառով է հետաձգել Ֆրանսիա կատարելիք այցը. - «Ակնհայտ է, որ Հայաստանի գործող նախագահի ոտքն այն աստիճան չի վնասվել, որ օբյեկտիվորեն անհնար դարձներ առաջին հայացքից նրա համար խիստ ցանկալի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ: Համենայնդեպս, երեկ Ռոբերտ Քոչարյանին բավական հավասարակշիռ քայլելիս տեսնող է եղել»: Այդ ուղեւորությունը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, հետաձգվել է «ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, եւ այդ հետաձգումը որոշակի կապ ունի Քոչարյանի` Վրաստան կատարած այցի հետ»: Ընդհանուր առմամբ, թերթի բնորոշմամբ, Ռոբերտ Քոչարյանը «աջ ոտքի ձգնամկանի գերձգումով», փաստորեն, թեւակոխել է իր նախագահության, եթե չասենք՝ կյանքի ամենաբարդ եւ դժվար ելանելի շրջանը»:

«Ձիերին գետնանցումում, այնուամենայնիվ, փոխում են» վերնագրի տակ «Իրավունք» թերթի մեկնաբանը այսօր ընդգծում է. - «Պատահականություն չպետք է համարել, որ Ռոբերտ Քոչարյանը անսպասելիորեն հետաձգեց ապրիլի 4-ին նախատեսված իր ֆրանսիական այցը՝ պատճառաբանելով, թե ոտքի վնասվածք է ստացել: Ընդամենը մեկ շաբաթ առաջ նա առաջնահերթ կարեւորություն էր տալիս եվրաինտեգրման գործընթացին՝ դա համարելով ռուս-ամերիկյան ճնշումների աքցանից պրծնելու միջոց, եւ Փարիզ կատարելիք այցը այդ նոր կուրսի կարեւորագույն օղակներից մեկը պետք է դառնար: Ուստի դրա հետաձգումը պաշտոնապես ինչ պատճառաբանությամբ էլ բացատրվի, ինքնին շատ խոսուն փաստ է»: «Իրավունք»-ում նաեւ մատնանշվում է. - «Նախանշաններ կան, որ Քոչարյանի ռեժիմը մտադիր է ամենադաժան միջոցներով ճնշել ընդդիմադիր ցանկացած ելույթ. այսպես, հանրության համար բավականին անսպասելի էին ոստիկանական այն ճնշումները, որոնք կիրառվեցին «Ա1+»-ի փակման տարեդարձի կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ»:

«Որպեսզի հասարակության մեջ կտրուկ տեղաշարժ արձանագրվի, անհրաժեշտ է խթան, որեւէ ազդեցիկ իրադարձություն: 1998 թվականին դա Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումն էր, մնացած բոլոր դեպքերում՝ ընտրական գործընթացները», - այս ելակետից քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Սահմանադրական հանրաքվեն հարմար պատրվակ չէ հասարակության համար այս կամ այն չափով հասկանալի կարգախոսով նախագահական պալատը գրոհելու համար: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նույնպես հեշտ գործ չէր լինի դրանից զանգվածային բողոքի ակցիաներ, ըստ այդմ՝ հեղափոխական իրավիճակ ստեղծելը: Տեսականորեն գուցե հնարավոր է, բայց գոնե այս պահին ես չեմ տեսնում քաղաքական այն գործիչներին, ովքեր կարող են դա անել»:

Անդրադառնալով ի պաշտպանություն «Ա1+»-ի ապրիլի 2-ի ցույցին իշխանության արձագանքին, «Առավոտ» թերթը խտացնում է. - «Այսօր ԱՊՀ-ական իշխանավորների նյարդերն այնքան էլ բանի պետք չեն՝ ամենուր ինչ-որ «ականջներ», իմպերիալիստական դավադրություններ եւ «մութ ուժերի» ծուղակներ են երեւում: Այս պարանոյիկ կասկածամտության պայմաններում ոչ համարժեք գործողությունները միանգամայն արդարացված են... Բայց ինչ պատճառներով էլ առաջնորդվի իշխանությունը՝ ոստիկանությանը բաց թողնելով «Ա1+»-ի վրա, միեւնույն է՝ արդյունքը ստացվեց «պլյուս» նշանով: Այդպես վերականգնեցին «Ա1+»-ի հանդեպ հասարակական-քաղաքական հետաքրքրությունը՝ մասնավորապես, խոսքի ազատության հանդեպ՝ ընդհանրապես»:

Լավատեղյակ աղբյուրներ վկայակոչելով՝ «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է, թե ԱՄՆ հատուկ ծառայությունները վերջին շրջանում ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում հայաստանյան օլիգարխիայի եւ, ընդհանրապես, օլիգարխներից յուրաքանչյուրի նկատմամբ. - «Խնդիրն այն է, որ Հայաստանին վերաբերող ամերիկյան ծառայական ամփոփագրերում օլիգարխները սկսել են հիշատակվել որպես Հայաստանի ազատականացմանը խոչընդոտող եւ կոռուպցիայի աճին նպաստող հիմնական գործոն»: «Բացի այդ, ըստ այդ ամփոփագրերի, ընտրությունների կեղծման մեխանիզմը Հայաստանում ավելի ու ավելի շատ է կապվում օլիգարխների գործունեության հետ», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ը: - «Եթե ԱՊՀ-ում շրջող հեղափոխական ալիքը մտադիր է մտնել նաեւ Հայաստան, պետք է ունենա օլիգարխիայի հնարավորությունների օբյեկտիվ գնահատականը»:

«Այս անցումային շրջանը երկար տեւեց, եւ մենք էլ հետը անցնում ենք», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Պերճ Զեյթունցյանը: - «Պիտի ժամանակ գա, որ ոտքիդ տակ պինդ հող զգաս, մինչդեռ օդի մեջ ենք առայժմ։ Ստեղծենք մի երկիր, ուր բարոյական արգելանքներ լինեն։ Այսօր չեմ տեսնում այդ բարոյական արգելքները։ Մեր երկրում մարդկանց ամենամեծ դժգոհությունը հենց բարոյական անկման պատճառով է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG