Մատչելիության հղումներ

Տեղի կունենան ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ


Երեքշաբթի օրը տեղի կունենան ԱՊՀ միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ զորավարժությունները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Այտեկ Բիժեւը հայտնել է, թե զորավարժությունների նպատակն է ստուգել ծառայություն տանող ստորաբաժանումների ռազմական պատրաստվածությունը եւ փորձել լուծել ծանր վիճակում հայտնված օդուժի խնդիրները:

Գեներալ Բիժեւի խոսքերով, ներկա զորավարժությունների առանձնահատկությունը ռադարներով զինված հեռահառ թռիչքների A-50 հետախուզական ինքնաթիռների մասնակցությունն է, որոնք թռչելու են Հայաստանի եւ Բելառուսի տարածքների վրայով:

Բացի այդ, զորավարժություններին կմասնակցեն ռազմավարական ավիացիայի ռուսաստանյան Տու-22, Տու-95 եւ Տու-160 ռմբակոծիչները, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի օդուժերի Սու-27 եւ Միգ-31 կործանիչները:

1995 թվականին ստեղծված ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգը միավորում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG