Մատչելիության հղումներ

Վրաստանն ու ՆԱՏ0-ն Անդամակցության գործողության ծրագիրը կստորագրեն 2006 թվականին


«Կավկազպրես» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Վրաստանը եւ ՆԱՏ0-ն 2006 թվականին ստորագրելու են Անդամակցության գործողության ծրագիրը:

Տեղեկությունը գործակալությանը հաղորդել է Անցումային ժողովրդավարության ծրագրի տնօրեն Բրյուս Ջեքսոնը, որի ղեկավարությամբ Թբիլիսի ժամանած ՆԱՏ0-ի փորձագետների խումբը հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, Վրաստանի պետական նախարարներ Գեորգի Բարամիձեի եւ Գեորգի Խաինդրավայի հետ:

Բարամիձեն մինչեւ վերջերս Վրաստանի պաշտպանության նախարարն էր եւ այսօր էլ կառավարությունում շարունակում է վերահսկել այդ ոլորտը, իսկ Խաինդրավան զբաղվում է հակամարտությունների կարգավորման հարցերով:

Բյրուս Ջեքսոնի ղեկավարած ամերիկացի փորձագետների խումբը հանդիպումներ է ունեցել նաեւ վրաց փորձագետների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ամերիկացի փորձագետները պետք է առաջարկություններ պատրաստեն Եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման ուղղությամբ: Վրաստանը եւ ՆԱՏ0-ն 2004 թվականին ստորագրել են Անհատական համագործակցության ծրագիր: Թբիլիսին պաշտոնապես հայտարարել է, որ ցանկանում է միանալ ՆԱՏ0-ին եւ Եվրոպական միությանը, սակայն այդ կառույցներն այսօրվա դրությամբ դեռեւս խուսափում են հստակ ու վերջնական կարծիք հայտնել Վրաստանի մտադրության վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության ռազմական հարցերով վերլուծաբան Կոբա Լիկլիկաձեն ռադիոկայանի հայկական ծառայությանը ասել է, որ Անցումային ժողովրդավարության ծրագրի տնօրեն Բրյուս Ջեքսոնին Վրաստանի քաղաքական շրջանակներում շատերը չեն համարում ՆԱՏ0-ի հետագա ընդարձակման ջատագով: Լիկլիկաձեի խոսքերով, տվյալ պահին դժվար է պատկերացում կազմել 2006 թվականին ստորագրվելիք Անդամակցության գործողության ծրագրի էության մասին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG