Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԱՊՀ տարածքում տեղի ունեցող յուրաքանչյուր հեղաշրջումից հետո հայրենի արմատական ընդդիմությունը լարում է իր վառ երեւակայությունը Հայաստանի հետ տվյալ երկրի «նմանություններն ու ընդհանրությունները» բացահայտելու, դրա հիման վրա մեզանում եւս շուտափույթ իշխանափոխություն կանխատեսելու համար», - արձանագրում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ այս առումով ընդգծելով. - «Եթե հայրենի արմատականներին իրոք մտահոգում է Ղարաբաղի ճակատագիրը եւ հանուն նրա փրկության պատրաստ են ամեն ինչի, ապա, կարծում ենք, «հեղափոխություն» բառն ընդհանրապես պետք է դուրս մղեն իրենց քաղաքական բառապաշարից»։ Ընդհանուր առմամբ, ըստ մեկնաբանի, Հայաստանի ներսում չունենալով վրացի կամ ուկրաինացի հեղափոխականների քաղաքական կշռի ու փորձառության 1/10-րդն անգամ, մերոնք ստիպված են զբաղվել ոչ թե ընդդիմության պարտականություններ կատարելով, այլ երեկ՝ վրացական կամ ուկրաինական, այսօր՝ ղըրղզական, վաղը՝ «ադրբեջանական հեղափոխության» մասին «Կիկոսի մահը» հիշեցնող սցենարներ հնարելով:

Ընդդիմության տրամաբանությունը, թե՝ եթե Ռոբերտ Քոչարյանն էլ ժողովրդավար լիներ, ապա ընդդիմության առաջին իսկ բողոքի ցույցերից հետո նա սուսուփուս կհեռանար նախագահի նստավայրից՝ առանց ժողովրդի դեմ մահակներ ճոճելու եւ ջրցան մեքենաներ բանեցնելու, «Առավոտ» թերթը համարում է առնվազն վիճելի: Սխալ է գնահատվում եւ իշխանության վարկածը, թե Հայաստանում հեղափոխություն չի լինի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գա եւ հանդիպած ամեն ինչ ջարդուփշուր չի անի. - «Իսկ ժողովուրդը փողոց դուրս չի գա, քանի որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան էլ օրհասական չէ, իսկ մեր ընդդիմությունն այնքան հասուն ու խոհեմ է, որ թույլ չի տա կրքերը հասունանան մեր ազգային անվտանգությունը հարցականի տակ դնելու աստիճանի»: «Առավոտ»-ի թյուրիմացություն է որակում ենթադրությունը, թե «մեր ընդդիմությունն այնքան գիտակից է, որ հանուն ազգային անվտանգության փորձի մարել ժողովրդի ահագնացող կրքերը»:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սեւեռում «The Moscow Times» թերթի մարտի 28-ի համարում արտատպված «Ասոշիեյթիդ Փրեսի» թղթակցի հոդվածին, համաձայն որի «հեղափոխության հաջորդ հնարավոր թատերաբեմը կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային դաշնակից Հայաստանն է»: Ըստ հոդվածագրի՝ «ո՞վ է հաջորդը» հարցն այսօր ամենաշատը նյարդայնացնում է հետխորհրդային երկրների «ուժեղ տղամարդ» ղեկավարներին: «Իսկ Ռոբերտ Քոչարյանը, կարծում ենք, պետք է որ գլխավորի նյարդայնացողների այս շարքը», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իհարկե, նրա իշխանությունը Խորհրդային Միությունից ստացած ժառանգություն չէ, բայց բովանդակության իմաստով լրիվ համապատասխանում է այդպիսի իշխանության չափանիշերին: Նաեւ Ստեփանակերտի Մետաքսի գործարանի կուսկազմակերպության ղեկավարի անցյալը Ռոբերտ Քոչարյանին թույլ է տալիս ընդհանուր շատ բան ունենալ պետության ղեկավար դարձած կենտկոմի նախկին առաջին քարտուղարների հետ»:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող խորհրդարանական ունկնդրումներին, «Հայկական ժամանակ»-ը շեշտում է. - «Նախագահի եւ, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետը ներկայացնող արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես միշտ, որեւէ նոր բան չասաց»: Այստեղ, ինչպես եւ մյուս թերթերում առանձնահատուկ ուշադրություն է դարձված Մինսկի խմբում ռուս առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի ելույթին: «Այն լսումներ կազմակերպած հանձնաժողովի եւ արտգործնախարարի համար խիստ անակնկալ էր», - փոխանցում է լրագրողը: - «Կազիմիրովի հնչեցրածը լրջորեն փչացրեց նրան հրավիրածների տրամադրությունը»:
Գնահատելով, որ 1993 թվականից առ այսօր առաջին անգամ հիմնախնդրի պետական մակարդակով լսումներ են կազմակերպվում, «Ազգ» թերթի մեկնաբանը ակնկալում է, որ գոնե «արմատական ինչ-ինչ խնդիրների հարցում տեսակետների ու դիրքորոշումների հստակեցում կլինի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG