Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը, փաստարկելով ադրբեջանական կողմից «խրամատների մոտեցումը» հայկական դիրքերին, ինչի արդյունքում ավելի հաճախ են դարձել փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական շփման գծում՝ հայտարարեց, որ Հայաստանը այդ կապակցությամբ պաշտոնապես դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Իրենց կողմից կա առաջխաղացում: Վեց ամիս առաջ այլ դիրքում էին, այսօր առավել առաջ են եկել: Իրենց տարածքում են առաջ եկել, բայց դա մոտեցնում է խրամատները, եւ [փոխհրաձգությունների] հաճախականությունն է մեծանում եւ դրա արդյունքում առավել մեծ թվով զոհեր են լինում», - ասաց Օսկանյանը: - «Ուղղակի մենք նպատակ չենք տեսնում: Եվ իրոք արդեն սկսում ենք մտածել, թե միգուցե՞ ուզում են տորպեդահարել բանակցությունները, միգուցե՞ լուրջ մտադրություններ ունեն ռազմական գործողություններ սկսելու»:

Օսկանյանը հավելեց, որ թեեւ խրամատների մոտեցումը իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում, դա չի վախեցնում Հայաստանին:

«Պատրաստ է հայկական բանակը եւ կկարողանա ցանկացած պահին համազոր հակահարված տալ ցանկացած ադրբեջանական հարձակման», - ասաց նա: - «Ուղղակի այս փուլում լրացուցիչ լարվածություն առաջացնելը բացասական հետեւանքներ է ունենալու բանակցային գործընթացի վրա»:

Տեղեկացնելով, որ Հայաստանը արդեն պաշտոնապես դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Օսկանյանը հավելեց. - «Եվ ուղղակի պահանջում ենք, որ այդ հարցը դրվի օրակարգում»:

«Դեռեւս մենք անելիք ունենք բանակցային սեղանի շուրջ:
Բայց իսկապես մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի այս վերջին ակտիվությունը սահմանագծում», - ասաց նախարարը:

Նախկին ազատամարտիկ ու նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին «խրամատների մոտեցման» կապակցությամբ ասաց. - «Հայաստանում պետք չէ տագնապահար լինել, բայց, այնուամենայնիվ, պետք է սա լուրջ ահազանգ լինի, եւ պիտի քայլեր ձեռնարկվեն»:

Վարդան Օսկանյանը ասաց, թե չի կարող հաստատել Արդբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ իր հերթական հանդիպման ժամկետը: Հիշեցնենք, որ վերջինս մի քանի օր առաջ հայտարարել էր, թե հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի կեսերին «եվրոպական մայրաքաղաքներից մեկում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Պրահա ապրիլի վերջին ծրագրված իր այցի ընթացքում հանդիպում տեղի ունենա Մամեդյարովի հետ, Օսկանյանը պատասխանեց. - «Պետք չէ երկուսը իրար հետ կապել: Ես պաշտոնական այց ունեմ Չեխիա... Բայց դա բոլորովին այլ այց է»:

Այդուհանդերձ, նախարարը չբացառեց իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորությունը Պրահայում:

Երկու երկրների նախագահների առաջիկայում հնարավոր հանդիպումների առնչությամբ Օսկանյանը չբացառեց, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ Վարշավայում. - «Մենք կարծում ենք, որ այս փուլի համար նախարարների մասով բավական աշխատանք արվել է, եւ արդեն նախագահները պետք է իրենց խոսքը ասեն»:

Օսկանյանը այսօր ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ: Լսումներում հնչած տեսակետերը տարբերվում էին սոսկ, թե՝ Լեռնային Ղարաբաղը անկա՞խ պետական միավոր պետք է լինի, թե՞ միանա Հայաստանին:

«Ընդհանուր եզրեր երեւում են: Բայց, միաժամանակ, մենք բավական հեռու ենք մեր դիրքորոշումներով», - հայ-ադրբեջանակն բանակցությունների ընթացքից փոխանցեց Օսկանյանը: - «Մեզ համար մտահոգիչ էր Ալիեւի վերջին հայտարարությունը, որ ինքը փոխզիջումային տարբերակ չի տեսնում: Սա մաքսիմալիստական դրսեւորումներ են, որ որեւէ լավ բանի չեն բերի»:

«Լեռնային Ղարաբաղի հարցը, մենք կարծում ենք, չունի ռազմական լուծում», - հայտարարեց Օսկանյանը: - «Եթե այդպես լիներ, հարցը լուծված կլիներ: Մի անգամ պատերազմել ենք, եւ հայկական կողմը հաղթել է, բայց խնդիրը չի լուծվել... Միակ լուծումը այսօր հնարավոր է բանակցությունների սեղանի շուրջ՝ երեք կողմերի կոմպրոմիսային տարբերակով»:


Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG