Մատչելիության հղումներ

Դեյվիդ Ֆիլիպս. Հայաստանը պետք է աներկբայորեն հայտարարի, որ «տարածքային պահանջներ չունի»


Ամերիկացի գիտնական, հայ-թուրքական երկխոսությունը խրախուսելուն գործուն մասնակցություն ունեցած Դեյվիդ Ֆիլիպսը երկուշաբթի օրը ասաց, թե Հայաստանը շատ ավելի կդյուրացնի Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը, եթե հստակորեն հայտարարի, որ տարածքային պահանջներ չունի այդ երկրից:

Ֆիլիպսը, ով նախագահում էր Միացյալ Նահանգների հովանու ներքո գործած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում, նաեւ Ջորջ Բուշի վարչակազմին մեղադրեց Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները բարելավելուն ուղղված Միացյալ Նահանգների երկարատեւ ջանքերը ձախողելու մեջ:

«Հայաստանի իշխանությունը պետք է հստակորեն եւ աներկբայորեն հայտարարի, որ Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ամերիկացի գիտնականը: - «Եթե այդ մասին ասվեր, դա Թուրքիայի համար պայմաններ կստեղծեր ավելի դրական առաջխաղացման համար»:

Հայաստանը երբեք պաշտոնապես չի վիճարկել գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը: 2001 թվականին թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե անգամ Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող Երեւանին պաշտոնական հիմք տալ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու համար:

Դեյվիդ Ֆիլիպսը ընդունեց, որ սահմանը միանշանակորեն ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունից հետո Թուրքիան կարող է եւ չվերացնել 1993 թվականից ի վեր շարունակվող շրջափակումը:

«Թուրքիան սովորություն ունի այս հարցի առնչությամբ անընդհատ փոխել կանոնները: Նրանք մտահոգությունների մի ամբողջ փաթեթ են բարձրացնում», - ասաց նա՝ մատնանշելով Թուրքիայի այլ նախապայմանները, ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդբեջանանպաստ լուծումը եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության դադարեցումը:

«Ցանկացած հարմար առիթով ես նրանց ասել եմ, որ անհնար է, որ հայերը դադարեցնեն Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը», - ավելացրեց Ֆիլիպսը՝ նկատի ունենալով իր վերջին այցելությունը Թուրքիա, ուր հանդիպումներ է ունեցել պետական պաշտոնյաների եւ հասարակության ներկայացուցիչների հետ:

Թուրքիայի կառավարող վերնախավը մտավախություն ունի, որ Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայերի կողմից տարածքային եւ ֆինանսական փոխհատուցման պահանջների: Հայաստանում եւ, հատկապես, Սփյուռքում որոշ քաղաքական ուժեր չեն բացառում նման հնարավորությունը:

Ֆիլիպսի խոսքերով, պաշտոնական Երեւանի երաշխիքները ստանալուց հետո Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի արդարացնել Հայաստանի շրջափակումը:

Իր գոյության ողջ ընթացքում (2001-2004 թվականներին) Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, այդ թվում՝ դրա բոլոր թուրք անդամները, հորդորում էին Թուրքիայի կառավարությանը վերաբացել Հայաստանի հետ սահմանը: Վերջերս հրատարակած իր գրքում, որը բավական մանրամասներ է քողազերծում Հայ-թուրքական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, Ֆիլիպսը գրում է, որ 2003 թվականին Թուրքիան շատ մոտ էր սահմանը բացելուն, բայց չարեց դա, քանի որ Միացյալ Նահանգները վերացրեցին ճնշումը Թուրքիայի վրա՝ կապված Իրաքում իրադրության վատթարացման հետ:

Ֆիլիպսը, ով ներկայումս բավական բարձր պաշտոն է զբաղեցնում ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդում, այսօր խիստ թերահավատ էր Անկարայի վրա Միացյալ Նահանգների կողմից նոր ճնշման հնարավորության հարցում:

«Իշխանության գալու առաջին օրվանից ի վեր Բուշի վարչակազմը հետեւողական եւ համարժեք չի գործել հայկական հարցերի ուղղությամբ», - ասաց նա: - «Այն [վարչակազմը] միշտ թույլ է տվել, որ դրանց տեղը գրավեն այլ հարցեր: Անգամ այսօր Բուշի վարչակազմը մինչեւ Թուրքիային հասնելը ունի առաջնահերթությունների երկար ցանկ, եւ, երկյուղ ունեմ, թե հայկական հարցերը այդ ցուցակի ամենավերջին տեղում են»:

Նրա պնդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ անցած տարեվերջին կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում անգամ չեն հիշեցրել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման անհրաժեշտության մասին:

Ֆիլիպսը վերահաստատեց իր քննադատությունը Հայաստանի հասցեին՝ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին չսատարելու համար: Իր գրքում, որ վերնագրված է «Խախտելով անցյալի լռությունը», նա Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին մեղադրում է, որ վերջինս չկատարեց հանձնաժողովին սատարելու խոստումը՝ ընկրկելով Դաշնակցության եւ այլ ազգայնական ուժերի կողմից դրա գործունեության քննադատության առջեւ:

«Կարծում եմ, հարկ է նշել, որ անգամ Հայ-թուրքական հանձնաժողովի մասին հայտարարելուց հետո, երբ կառավարությունը հրապարակավ չկատարեց իր հանձնառությունը, նրանք շարունակում էին գաղտնի սատարել հանձնաժողովի ջանքերին», - քողազերծում է Ֆիլիպսը: - «Այն, որ նրանք արիություն չունեցան հրապարակավ խոսել ի պաշտպանություն Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի, ամենեւին չթուլացրեց նրանց գաղտնի աջակցությունը»:

Ֆիլիսպը շարունակում է պնդել, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը հաջողությամբ է պսակվել, քանի որ այն հիմք է ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի ոչ կառավարական կազմակերպությունների միջեւ կանոնավոր շփումների համար: Նա ասաց նաեւ, թե իր վերջին այցի ընթացքում տեսել է, որ Թուրքայում աննախադեպ ուշադրություն կա հայկական հարցերի նկատմամբ:

«Թուրքիայում ընդունում են, որ անցյալին անդրադառնալու անհրաժեշտություն կա: Շատ տարածված են Հայաստանի սահմանը բացելու անհրաժեշտության մասին խոսակցությունները: Ես հուսով եմ, որ Էրդողանի կառավարությունը հեռատեսություն ու արիություն կդրսեւորի եւ կանի այդ քայլը»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG