Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 26-ը մարտի)

«ԱՊՀ-ն այլեւս ակումբ է», - Ռուսաստանի նախագահ Պուտինի երեկվա մի ձեւակերպման հետքերով ամրագրում է «Առավոտ» թերթը՝ գնահատելով, որ նրա վերլուծությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում. - «Այսօր ակնկալել ԱՊՀ-ից ընդհանուր տնտեսական ձեռքբերումներ, համագործակցություն քաղաքական, ռազմական կամ այլ ոլորտներում, անհիմն է»: «Իսկ ինտեգրացիայի կենտրոնը դարձել է Եվրոպան, որտեղ Հայաստանը, հավանաբար, պետք է ձգտի: Ցանկալի է՝ Ռուսաստանի հետ միասին», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի հայացքով, Հայաստանի քաղաքական վերնախավն այն մի քանի ժամերի ընթացքում, որ Պուտինը գտնվում էր Հայաստանում, «արեց հնարավորն ու անհնարինը նրան բավարարություն պատճառելու համար»՝ դրսեւորելով «բացահայտ խեղճություն»: «Քոչարյանը երեկ պարզապես գերազանցեց ինքն իրեն՝ կրկնելով ու բարձրացնելով Պուտինի», - նշում է մեկնաբանը: - «Նա չհամարձակվեց ուղղել Ռուսաստանի նախագահին, երբ վերջինս խոսքի մեջ, սխալմամբ, Հայաստանի փոխարեն ասաց Ադրբեջան»: «Հայկական ժամանակ»-ում այսօր դիտարկում կա նաեւ, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, ազգային հեղափոխության նախագծի հեղինակ Արամ Կարապետյանը վերջապես համալրեց Ռուսաստանի կողմից «քցված» հայաստանցի բազմափորձ քաղաքական գործիչների երկար շարքը: Ընդամենը մի քանի ամիս առաջ նա Ռուսաստանի դրդմամբ հայտարարում էր ապրիլին Հայաստանում հեղափոխություն անելու մասին, իսկ ապրիլի նախաշեմին ստիպված է ջուր ծեծել «Հեղափոխությունը երկարատեւ գործընթաց» է թեմայով»: «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Արամ Կարապետյանը մասնավորապես ասում է. - «2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի «բախտը բերեց», քանի որ մեր թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները առաջինն էին ԱՊՀ տարածքում, եւ չկար օրինակ, երբ ժողովուրդը կանգնում եւ խնդիր է լուծում: Եթե մենք այսօր ունենայինք խորհրդարանական ընտրություններ, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ կլինեին հեղափոխական գործընթացներ»: Ինչեւէ, հիմա էլ «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը կանխատեսում է, որ «իշխանության նոր մարմինները Հայաստանում կձեւավորվեն 2006 թվականի կեսերին»:

Մայիսի 28-ին նախատեսված շուրջպարը Արագած լեռան շուրջ, «Հայոց աշխարհ» թերթի լրագրողի ձեւակերպմամբ, դառնալու է «միասնության եւ ինքնահաստատման սրբազան ծես, իր աներեւակայելի դրական լիցքերով սնուցելու է մեզ բոլորիս»: Նախաձեռնողներից գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ, ինչպես փոխանցվում է՝ երեկ Գյումրիում պարզաբանել է. - «Դրա համար ամենահարմար տարին, կարծում ենք, 2005 թվականն է, երբ քաղաքական համեմատաբար լուրջ իրադարձություններ չկան մեր երկրում, չկան իշխանության կենտրոնական մարմինների ընտրություններ։ Այս միջոցառման անցկացման ամենամեծ գրավականն այն է, որ կարողանանք միջոցառումը զերծ պահել բոլոր տեսակի քաղաքական ազդեցություններից»: «Ոչ ոք չի կարող արգելել գլխավոր դատախազին, որ նա զբաղվի հասարակական գործունեությամբ», - ասում է Աղվան Հովսեփյանը: - «Ես հպարտ եմ, որ ունեմ ժամանակ, ունեմ ցանկություն՝ զբաղվելու հասարակական գործունեությամբ։ Ես հայտարարել եմ միշտ, որ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվելու, չեմ ուզում զբաղվել, չեմ էլ սիրում քաղաքական գործիչներին»։

Ղրղըզստանում ծավալվող գործողությունները, «Հայոց աշխարհ»-ում ներկայացվող վերլուծության համաձայն, գտնվում են վրացական ու ուկրաինական հեղափոխությունների եւ Իրանում ու Աֆղանստանում դեռեւս 1970-80-ական թվականներին խաղարկված սցենարների յուրահատուկ «հատման կետում». - «Ուստի չի բացառվում, որ ղրղըզական հեղաշրջումը ունենա իր հաջորդ սերիալները»։ «Ղրղըզստանի տապալված ակադեմիկոս-նախագահը քոչվորական կյանքից նոր միայն նստակեցության անցած երկրում իրականում մարմնավորում էր հենց այն եվրոպական արժեքները, հանուն որոնց իբր թե իրականացվեց հեղափոխությունը», - նշում է մեկնաբանը: - «Այնպես որ չի բացառվում, որ շուտով Ղրղըզստանից, մանավանդ նրա հարավային մարզերից բոցավառվի բոլորովին նոր՝ իսլամական հեղափոխության կրակը, որը կարող է լափել ոչ միայն այդ երկրի հիրավի ջերմոցային ժողովրդավարությունը, այլեւ դառնալ լուրջ սպառնալիք տարածաշրջանի համար»։ «Միայն երկու գերտերությունների համաձայնեցված գործողությունները կարող են կանխել քաոսի եւ անիշխանության հետագա տարածումը պետական իշխանության փաստացի փլուզման պայմաններում», - շեշտվում է «Հայոց աշխարհ»-ում։ «Ազգ» թերթում ուշադրություն է հրավիրվում, որ ԱՊՀ տարածքում իշխանափոխություններ են կատարվում այնպիսի երկրներում, որտեղ «շատ թե քիչ կան ժողովրդավարություն եւ ազատ մամուլ»: Ինչ վերաբերում է հաջորդ «գունավոր» հեղափոխության վայրին, առավել հավանական է համարվում Ադրբեջանը, ուր այս աշնանը անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG