Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի շեշտադրմամբ, Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կհստակեցնի վերջին ժամանակներս մեր երկու երկրների փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ոմանց տարիմաստ, հաճախ ոչ լավատեսական գնահատականները: «Վերջերս մեզանում դանդաղորեն արմատավորվում է այն մտայնությունը, որ աստիճանաբար թուլացող մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը ոչ միշտ է հաշվի առնում Հայաստանի շահերը։ Այդ մտայնությունն է՛լ ավելի ուժեղացավ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ արձանագրված դրական տեղաշարժերի եւ ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունների ուժեղացման պատճառով Թուրքիայի՝ դեպի Ռուսաստան կատարած ակնհայտ ռեւերանսների մթնոլորտում», - արձանագրվում է «Հայոց աշխարհ»-ում։ - «Նման պայմաններում առաջ քաշվեց այն տեսակետը, թե աշխարհում ու տարածաշրջանում արձանագրվող նորագույն զարգացումները պահանջում են Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղենիշերի արմատական վերանայում»: Ըստ մեկնաբանի, սակայն, հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ մեզանում ի հայտ եկած որոշ թյուրըմբռնումները աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող փոփոխություններին տրվող խիստ մակերեսային գնահատականների արգասիք էին. - «Պուտինի ներկա այցը Հայաստան վկայությունն է այն իրողության, որ թեեւ իսկապես աշխարհում չկան հավերժական բարեկամներ, բայց իրո՛ք կան հավերժական շահեր, որոնք Ռուսաստանի ու Հայաստանի պարագայում այնքան խորն են սերտաճել միմյանց, որ դրանք այսօր էլ պահանջում են ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլեւ ընդլայնել ու նոր մակարդակի բարձրացնել երկկողմ փոխգործակցության մակարդակը»։

«Մշակույթին՝ այո, ռեժիմին՝ ոչ» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթը գնահատում է. - «Պուտինյան Ռուսաստանը Խորհրդային Միությունից գրեթե չի տարբերվում: Պուտինը, ի տարբերություն Գորբաչովի եւ Ելցինի, չի հավատում, որ իր ղեկավարած ժողովրդին պետք է ազատություն տալ, որպեսզի նա կարողանա բարիքներ ստեղծել, չի հավատում, որ եվրոպական ազատական արժեքները կիրառելի են ռուսական հողում: Պուտինը նաեւ վստահ է, որ Ռուսաստանի նման հսկայական երկիրը կարող է լինել միայն կայսրություն, գերտերություն»: «Չենք կարծում, որ նման մտածելակերպը մեզ՝ հայաստանցիներիս, այսօր ձեռնտու է», - համադրում է «Առավոտ»-ը: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը այսօր ուրվագծում է. - «Քանի որ Ռուսաստանի ապագան այլեւս համարվում է անկանխատեսելի, Արեւմուտքը այլընտրանքներ է փնտրում, մասնավորապես, վառելիքի տեղափոխման ուղիների համար: Այդ առումով մեր շահերը ակնհայտորեն համընկնում են Արեւմուտքի շահերի հետ»: «Բայց մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ որոշում կկայացնի ընդդեմ սեփական շահի եւ թույլ կտա, որ ռուսները վերահսկողության տակ առնեն Իրան-Հայաստան գազամուղը», - գրում է մեկնաբանը՝ եզրափակելով. - «Արդյունքում Ադրբեջանը բացի նավթային եկամուտներից կստանա նաեւ գազի տարանցման եկամուտները: Իսկ Հայաստանին առաջվա նման կմնա ընդամենը Քոչարյան-Պուտին լուսանկարների հաստափոր ալբոմը»:

«Մեր ընդդիմության ներսում կա այն համոզմունքը, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, իսկ մի քանի այլ երկրներում ընդդիմությունը հասավ հաղթանակի, քանի որ Հայաստանի ընդդիմությունը չուներ Արեւմուտքի աջակցությունը», - ամրագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ընդդիմության մոտ ձեւավորված է նաեւ այն կարծիքը, ըստ որի Արեւմուտքը չի աջակցում Հայաստանում իշխանափոխության իրականացմանը, քանի որ կա Ղարաբաղի խնդիրը, որը պետք է լուծի Քոչարյանի իշխանությունը, որը, լինելով ոչ լեգիտիմ՝ ավելի հեշտ կենթարկվի Արեւմուտքի ճնշումներին»: Ընդհանուր առմամբ, մթնոլորտը «Հայկական ժամանակ»-ում բնորոշվում է այսպես. - «Ընդդիմությունը սպասում է աջակցության: Սպասում է, որ իրենց հետ հանդիպելու ցանկություն կհայտնեն արդեն ԱՄՆ-ից եկած էմիսարները եւ կսկսեն իշխանափոխության դետալներ քննարկել: Իսկ եթե արեւմտյան էմիսարները ուշանան, մեր ընդդիմությունը պատրաստ է դարձյալ հավատալ ռուսական էմիսարներին»:

«Իշխանական ամենաբարձր օղակներից ոստիկանությանը եւ, մասնավորապես, 6-րդ վարչությանը հրահանգ է իջեցվել՝ ուսումնասիրել կառավարությունում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նախարարների եւ իշխանական մյուս կառույցներում ներգրավված այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը», - գրում է «168 ժամ» թերթը՝ ենթադրելով. - «Հավաքված «կոմպրոմատները» հավանաբար առաջիկայում կօգտագործվեն Հանրապետական կուսակցության վերնախավի մեծ «ախորժակները» առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ սանձելու, ինչպես նաեւ իշխանական վերին օղակներում պալատական իշխանափոխության ինչ-ինչ հնարավոր սցենարների իրագործման ընթացքում հանրապետականների ազդեցությունը նվազեցնելու նպատակով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG