Մատչելիության հղումներ

«Եվրախորհրդի պահանջները չկատարելու պատասխանատվությունը պետք է կրի երկրի քաղաքական իշխանությունը»


Միավորված աշխատանքային կուսակցություն նախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ Գուրգեն Արսենյանի կարծիքով, եթե չկատարվի Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը, եւ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն չանցկացվի մինչեւ գալիքի հուլիսի 1-ը, պատասխանատվությունը կընկնի Հայաստանի քաղաքական իշխանության վրա:

«Դրա պատասխանատուն, եթե չեմ սխալվում, իսկ, իմ կարծիքով, չեմ սխալվում, պետք է լինի Հայաստանի քաղաքական իշխանությունը», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արսենյանը:

Նրա խոսքերով, «շատ սեղմ ու արագ» աշխատանք է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի սահմանադրական հանրաքվեն անցկացնել մինչեւ հուլիսի 1-ը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներից ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը համոզված է, որ սահմանված ժամկետում հանրաքվեի դրվելու դեպքում անգամ Սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվելու:

«Եթե բարեփոխումները [մինչեւ հուլիսի 1-ը] դրվեն հանրաքվեի, ապա համոզված կարող եմ ասել, որ ժողովուրդը հերթական անգամ կասի, որ այն, ինչ ներկայացվում է նախագահի կողմից, ենթակա չէ ընդունման», - ասաց Գեղամյանը՝ փաստարկելով, թե ժողովուրդը 2003 թվականին արդեն մեկ անգամ մերժել է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած փոփոխությունները:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, մինչդեռ, լավատես է:

«Մի քանի անգամ հարցը քննարկվել է կոալիցիայի նիստում, նախագահի ներկայությամբ, եւ մենք պետք է փորձենք արդեն այս մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել աշխատանքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մկրտչյանը՝ չհամաձայնելով դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների գործընթացը առաջ չի գնում:

Նրա խոսքերով, այժմ տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների «համաձայնեցման գործընթաց»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG