Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ Պուտինի այցի ընթացքում քննարկվեն Ռուսաստանին հանձնված հայաստանյան ձեռնակություններին առնչվող խնդիրներ


Ռուսաստանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն «ՌԻԱ-Նովոստի» գործակալության հարցազրույցում երեկ հավաստիացրել էր, թե արդեն գործնական քայլեր են արվում շուրջ երեք տարի առաջ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով իրենց հանձնված հայկական ձեռնարկությունները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի պատվերներով աշխատեցնելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ այդ ձեռնարկություններին վերաբերող հարցերը կքննարկվեն նախագահ Պուտինի՝ վաղը սկսվող երկօրյա աշխատանքային այցի ընթացքում:

Խրիստենկոյի խոսքերով, նախատեսվում է Ռուսաստանին անցած Մաթեմատիկական մեքենաների, Նյութաբանության եւ Ավտոմատ կառավարման սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտները միավորել ու այդ հիմքի վրա ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ռադիոէլեկտրոնիկայի անդրկովկասյան հենակետային գիտաարտադրական կենտրոն։

Այդ ծրագիրը, ռուս նախարարի հավաստամամբ, կարժենա մոտ 23 միլիոն դոլար, որից 12 միլիոնը կներդրվի արդեն այս տարի։

Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության տնօրեն Միխայիլ Աբովյանը շորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք ակնկալում են առաջին հերթին վերականգնել արտադրական հզորությունները եւ մեծացնել վաճառքի ծավալները:

«Արտադրական հզորությունները ծանրաբեռնված են 1 տոկոսից էլ ցածր», - ասաց նա: - «Գիտական մասը ծանրաբեռնված է, նորմալ աշխատում է ինստիտուտը: Իսկ արտադրական մասը շատ ու շատ հնարավորություններ ունի»:

Ներկայումս Նյութաբանության ինստիտուտը աշխատում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհի հաշվին, ու արդյունքները առավելապես տեսական, գիտական բնույթի են։ Ըստ ինստիտուտի տնօրենի, դրանց ներդրման հույսերը առավելապես կապված են Ռուսաստանի ռազմական արդյունաբերության աճող պահանջարկի հետ:

«Մեր սպառողները նրանք են: Նրանք մեզ գիտեն, որովհետեւ այդ նյութերի մեծ մասը մենք ենք մշակում եւ խորհրդային ժամանակներում էլ միակ արտադրողը մենք էին», - ասաց նա:

Ռուսաստանին փոխանցված մյուս՝ Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Աթոյանը եւս նույն ակնկալիքները ունի: Տարիներ առաջ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտից առանձնացած այս հաստատությունը, տնօրենի հավաստմամբ, պահպանել է կադրային պոտենցիալը։

Ռուսատանին փոխանցված ամենախոշոր ձեռնարկությունը՝ «Մարս»-ը, ընթացիկ տարվա համար 5 միլիոն դոլարի պատվերներ է ստացել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերություններից: Ձեռնարկության կառավարիչ ռուսաստանյան «Ռադիոէքսպորտ» միավորման մշակած բիզնես ծրագրի համաձայն, առաջիկա երեք տարիներին այստեղ պետք է ներդրվի 21 միլիոն դոլար։ Իսկ մինչ այդ արված 700 հազար դոլար ներդրումներով կարգի են բերվել ձեռնարկության արտադրական ենթակառուցվածքները։

Միայն այս տարի «Մարս»-ում կներդրվի շուրջ 10 միլիոն դոլար, ինչը թույլ կտա արդեն հաջորդ տարվանից ընկերության պատվերներն ավելացնել 2-3 անգամ։

«Մարս»-ը լիարժեքորեն աշխատեցնելու մտադրությունները ավելի քան լուրջ են, քանի որ Ռուսաստանի թափ առնող ռազմաարդյունաբերական համալիրը մեծացնում է պահանջարկը։ Վիկտոր Խրիստենկոն հարցազրույցում վկայակոչել է 1999 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքած միջկառավարական համաձայնագիրը, որով նախատեսվում է Ռուսաստանի 23 եւ Հայաստանի 18 ընկերություններում պահպանել ռազմական նշանակության արտադրանքի թողարկման պրոֆիլը։

Ավելին՝ ռուսաստանյան կողմը նախատեսում է վերացնել ռազմաարդյունաբերական համալիրի գծով կոոոպերացված հայաստանյան ձեռնարկությունների ապրանքների, հումքի եւ կիսաֆաբրիկատների նկատմամբ բոլոր մաքսային եւ հարկային սահմանափակումները։ Ապրանքների այդ ցանկի նկատմամբ չեն գործելու նաեւ քվոտավորման եւ լիցենզավորման պահանջները։

Ըստ Խրիստենկոյի, նախապատրաստվել է նաեւ Ռուսաստանի հայաստանյան ընկերությունների մշակումների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության միջակառավարական համաձայնագրի նախագիծ։

Ըստ երեւույթին, նախագահ Պուտինի վաղվա այցի ընթացքում այս ձեռնարկություններին առնչվող լուծումները կամրագրվեն համաձայնագրերի միջոցով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG