Մատչելիության հղումներ

Հայաստանի հրեաները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Հայաստանի հրեական համայնքը երեքշաբթի օրը ընդհանուր ժողովում ընդունել է հայտարարություն, որով աշխարհի հրեական կազմակերպություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Օսմանյան Թուրքիան, իրականացնելով սարսափելի ոճրագործություն սեփական երկրի քաղաքացիների հանդեպ, նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելով, ոչնչացրել է մեկուկես միլիոն հայերի: Տասնամյակների ընթացքում այդ փաստը մոռացության էր մատնված եւ չէր դատապարտվում մարդկության կողմից», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ: - «Հավանաբար, չէր լինի Հոլոքոստ, եթե աշխարհը ժամանակին ոտքի կանգներ ընդդեմ այդ ոճրագործության՝ ինչպես այժմ ոտքի է կանգնել ահաբեկչության դեմ պայքարի»:

Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում աշխարհի հրեական կազմակերպություններին արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ:

Հայտարարության մեջ նշվում է, թե քաղաքական կամ տնտեսական շահերը չպետք է խոչընդոտեն «համամարդկային ողբերգության ճանաչմանը»:

Ըստ հայտարարության հեղինակների, ցեղասպանության ճանաչումը ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ: Հակառակը՝ դա «կբարձրացնի նրան քաղաքակիրթ աշխարհի աչքերում՝ ինչպես եղավ Գերմանիայի դեպքում, երբ վերջինս ճանաչեց նացիստական պետության կողմից 6 միլիոն հրեաների ոչնչացման փաստը»:

«Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին մենք դիմում ենք նրանց, ում համար կարեւոր է պատմական իրողության ճանաչումը, եւ խնդրում ենք գլուխ խոնարհել զոհերի հիշատակի առջեւ», - հայտարարում է Հայաստանի հրեական համայնքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG