Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հետխորհրդային երկրներից արդեն երրորդո՛ւմ է տեղի ունենում հեղափոխություն. նման կարճ ժամանակահատվածում սա խիստ մեծ թիվ է, որը թույլ է տալիս դեպքերի նման ընթացքում դիտարկել որոշակի միտում», - անդրադառնում է «Առավոտ» թերթը՝ այդ առումով շեշտադրելով. - «Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան ի զորու չեն լինի ինչ-որ մի երկրում մոդելավորել ժողովրդավարական հեղափոխություն, եթե տվյալ պետությունում չկա դրա ներքին հասարակական պատվերը: Այլ կերպ ասած, ներմուծվում է սովորաբար այն, ինչի պահանջարկը կա... Հեղափոխությունները տեղի են ունենում ամենեւին էլ ո՛չ այն պատճառով, որ ընդդիմությունն ուզում է իշխանությունը վերցնել: Եվ ինչքան էլ մեր ընդդիմությունը խոսի հեղափոխություն անելու իր ցանկության մասին, դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի մեծ մասը ընդդիմադիրների մեջ չի տեսնի հենց այն մարդկանց, ում կցանկանա փոխանցել իշխանությունը»: «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, Հայաստանի իշխանությունների համար պարզ է, որ Արեւմուտքը այժմ չի սահմանափակվի զուտ ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ գործադրվող ճնշումներով, այլ վաղ թե ուշ հերթական «նարնջագույն» ալիքը կհասնի նաեւ Հայաստան. - «Ղրղըզստանում տեղի ունեցող լուրջ ժողովրդական հուզումները, որոնց դրդապատճառը կեղծված ընտրություններն էին, ցույց են տալիս, որ հեղափոխական ալիքից երաշխավորված չեն անգամ այն ռեժիմները, որոնք ակնհայտորեն ավելի կոշտ ու ավտորիտար են, քան Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը»: «Իրավունք»-ում նաեւ փաստագրված է. - «Օլիգարխների փոխադարձաբար եւ բարձրաստիճան իշխանավորների հետ ունեցած կոնֆլիկտներն էլ, որոնք իրենց բնույթով ավելի ու ավելի են նմանվում դասական «կրիմինալ ռազբորկաների», պարզ են դարձնում, որ միաձույլ եւ համախմբված իշխանական բուրգ ունենալու քոչարյանական ձգտումը, մեղմ ասած, իրականության չի վերածվում»: «Ե’վ իշխանական, ե’ւ ընդդիմադիր ճամբարներում չկա այնպիսի ուժերի պակաս, որոնք ձգտում են իրենց հրապարակային ելույթներում ռեւերանսներ անել Միացյալ Նահանգների ուղղությամբ, քանզի բոլորին ակնհայտ է, որ այդ գերտերության դիրքերը մեր տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի են ամրապնդվելու, եւ բոլորը ձգտում են ապագա հեգեմոնի հետ ունենալ բարվոք հարաբերություններ: Իսկ կարճաժամկետ առումով, Ռոբերտ Քոչարյանին ու նրա մերձավոր շրջապատին այլ բան չի մնում, քան հաշված օրեր անց կայանալիք Վլադիմիր Պուտինի այցից սարքել իսկական քաղաքական շոու եւ փորձել տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանի նախագահը անվերապահորեն կանգնած է Ռոբերտ Քոչարյանի թիկունքին: Սակայն նույնիսկ ամենահաջողված շոուները ունենում են ընդամենը կարճաժամկետ արդյունք», - ի մի է բերում մեկնաբանը:

Ազգային ժողովի թատերաբեմում իշխանական կոալիցիայի ներքին բախումների զարգացում է արձանագրում մամուլը, եւ մասնավորապես «Հայկական ժամանակ» թերթում այսօր ձեւակերպված է. - «Չնայած իշխանական կոալիցիայի դե յուրե միասնությունը, ըստ ամենայնի, կպահպանվի մինչեւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմը, սակայն կոալիցիա կազմած երեք կուսակցություններն այլեւս բացահայտ նյարդայնանում են փոխադարձ գոյությունից»:

«Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանի նախագահ Պուտինի Հայաստան կատարելիք այցից» հարցին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը «Ազգ»-ի հարցազրույցում պատասխանում է. - «Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, եթե ակնկալվում են բախտորոշ ինչ-ինչ որոշումներ, ապա, որպես կանոն, դրանք վաղօրոք նախապատրաստվում են: Այդ որոշումների նախապատրաստմանը մասնակից են դառնում շատ կառույցներ, այդ մասին խոսվում է զանգվածային լրատվամիջոցներում: Քանի որ նման որեւէ բան չկա Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական տարածքներում, ապա հազիվ թե արժե որեւէ խոշոր լուծում ակնկալել այցելությունից»: «Ինչո՞ւ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում չկա սպասված ճեղքումը» հարցին էլ Աբրահամյանը արձագանքում է. - «Այդ հարաբերություններում ճեղքում կատարելու համար պետք է լինի 2 երկրների պետական գործիչներից, գործարարներից, փորձագետներից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված միասնական թիմ, որպեսզի ոչ միայն սահմանվեն փոխգործողության ոլորտները, այլեւ վերահսկվեն երկու երկրների խորհրդարաններում պայմանավորվածությունների հաստատումը, կառավարական որոշումների նախապատրաստումն ու իրականացումը, նախագծերի ֆինանսավորման կարգի սահմանումը, այդ նախագծերի իրագործմանը նպաստող բիզնես-կառույցների ընտրությունը»:

«Ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ միջազգային հանրության ուշադրության մեծացումը, Ադրբեջանից հնչող պատերազմական կոչերն ու ռազմաճակատի գծի վրա արձանագրված վերջին ընդհարումները որոշակի անհանգստություն են առաջացնում քաղաքական ուժերի շրջանում: Նման պայմաններում միանգամայն հասկանալի է Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ քննարկումների վերսկսումը Հայաստանի ներսում: Բայց», - գնահատում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը, - «անցած շաբաթ բավական լայն կուսակցական գունապնակ ներառած համաժողովը ցույց տվեց, որ սկիզբ առնող քննարկումները, գոնե առայժմ, չեն ծառայում իրենց բուն նպատակին: Քաղաքական ուժերի ու գործիչների մի զգալի խմբի համար Ղարաբաղի հարցը ավելի շատ ոչ թե լուծման կարոտ բարդ խնդիր է, այլ ինքնադրսեւորման եւ քաղաքական ասպարեզում մնալու հարմար միջոց»: Ընդդիմությունը, ըստ մեկնաբանի, նախեւառաջ պիտի հասկացներ ողջ աշխարհին ու Ադրբեջանին, որ «Ղարաբաղի հարցում Հայաստանում գոյություն ունի հստակ եւ ամուր կոնսենսուս, եւ [ընդդիմությունը] պատրաստ է իշխանության հետ միասնաբար դիմակայել հակառակորդին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG