Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության արդյունքների առնչությամբ Հայաստանի արտգործնախարարությունը շեշտեց. - «Ամենակարեւոր արդյունքն այն է, որ զեկույցը հերքեց Ադրբեջանի մեղադրանքները»: Սրա կողքին, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանն այսօր խտացնում է. - «Զեկույցը ԼՂՀ շուրջը գտնվող ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի բարձրացրած աղմուկ-աղաղակի կատարյալ սնանկության ապացույցն է: Պարզվեց, որ պետականորեն իրականացվող վերաբնակեցման քաղաքականության մասին Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները անհիմն են: Ու հիմա փոս փորողն ինքն է ընկնելու այդ փոսի մեջ, քանի որ այժմ էլ Հայաստանն է հայտ ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհուրդ, որպեսզի փաստահավաք առաքելություն ուղարկվի Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայաբնակ շրջանները»:

«Իշխանությունները ոգեւորությամբ են ընդունել այս զեկույցը, ոգեւորությունը, սակայն, ցուցադրական է, քանզի նման էմոցիաների պատճառ մեծ հաշվով չկա», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը՝ նշելով. - «Իսկ անհանգստացնող է հատկապես այն, որ փաստահավաք խումբը արձանագրել է այդ տարածքների ավերված, եւ որ կարեւոր, է Բաքու - Նախիջեւան երկաթուղու համապատասխան հատվածի ապամոնտաժված լինելու փաստը: Փաստահավաք խմբի զեկույցը այս պահին հնարավորինս մեղմ է, բայց հայկական կողմի վրա ծանրանալու հսկայական պոտենցիալ ունի»: Ըստ «Այբ-Ֆե» թերթի՝ հայրենի իշխանությունները «խայտառակ պարտվողական կեցվածք են ընդունել Արցախի խնդրի վերաբերյալ». - «Դրա մի հերթական ապացույցն էլ այն է, որ անցկացվելիք խորհրդարանական լսումների ժամանակ մեր քաղաքական ընտրանին կշռելու է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» եւ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւերի առավելություններն ու թերությունները»: «Մերոնք հողերի հանձնմանը այլընտրանք չեն տեսնում», - մտահոգված է «Այբ-Ֆե»-ն, - «քանզի անքննելի է համարվում այն, որ հայկական կողմը պետք է տարածքներ վերադարձնի: Քննարկվում է սոսկ, թե տարածքների փոխարեն ինչ պետք է մենք պահանջենք»:

«Ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի ռազմատենչ կոչերն ու հրադադարի՝ վերջերս հաճախացած խախտումները» հարցին նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է. - «Մեր խորին համոզմամբ, ադրբեջանական իշխանությունները, շատ լավ հասկանալով, որ Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման առաջարկվող բոլոր տարբերակները տանում են նրան, որ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո արդեն գոյություն ունեցող պետականություն է եւ այդ պետականության գոյության փաստի հետ հաշվի չնստելը՝ անհնարին, դիմում են այս գործողություններին՝ հարցի լուծման ընթացքը փոխելու նպատակով: Հնարավոր է, իր այս քայլերով ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում անհանգիստ է եւ հնարավոր է մարտական գործողությունների վերսկսում, ինչի հետեւանքով կձգտի հասնել Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության կամ՝ Մինսկի խմբին պարտադրել, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այլ քաղաքականություն որդեգրվի»: «Հայաստանից ուղղակի միակողմանի զիջումներ պահանջելը չեմ կարծում, որ միջազգային հանրության կամ Ադրբեջանի իշխանության կողմից ճիշտ է», - ձեւակերպում է նախագահի խորհրդականը: - «Առավել եւս՝ Հայաստանի իշխանության կողմից նման զիջումների գնալու ցանկություն չկա եւ չի եղել: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, եւ սա լինելու է մեր կողմից իրականացվող քաղաքականության հիմնական գիծը»: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ում շեշտում է. - «Բավակա՛ն է ինքներս մեզ համոզենք, թե Լեռնային Ղարաբաղի հարցն արդարացի, ազգի ինքնորոշման եւ ազատագրական պայքարի գագաթնակետ ու պսակ հանդիսացող խնդիր է: Մենք դա պիտի համոզեինք միջազգային հանրությանը, եւ ոչ թե միայն այժմ՝ խուճապահար վիճակում, երբ արդեն մեր դռանն է չոքել անբարենպաստ հանգուցալուծումը»: Գեղամյանի ընկալմամբ՝ հիմա իշխանություններն ուզում են սեփական ժողովրդին, որ բանակցային ամբողջ գործընթացի ընթացքում անտեսված ու արհամարհված էր, «ոգեկոչել լինելու դատապաշտպանն իրենց ձախողումների, կիսել պատասխանատվությունը Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման այն վտանգավոր զարգացումների համար, որոնց պատճառը հենց այս իշխանությունների մեջ է»:

«ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը թեեւ չի պարունակում ուղղակի մեղադրանք այդ տարածքները պետականորեն բնակեցնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, դրա հիման վրա հարկ եղած պահին ամենեւին էլ դժվար չէ Հայաստանին առաջադրել էթնիկական զտումների մեղադրանք», - իր հերթին գրում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: Ընդհանուր առմամբ, նկատվում է Հայաստանի վրա արտաքին ճնշումների շարունակական աճ. - «Վաշինգտոնը ձգտում է Ռոբերտ Քոչարյանին հարկադրել ստորագրելու ղարաբաղյան կարգավորման այնպիսի փաստաթղթի տակ, որը նախատեսում է ազատագրված տարածքների հանձնում եւ խաղաղապահ զորքերի մուտք: Հետզհետե պարզ է դառնում, որ Ռուսաստանն էլ պաշտոնական Երեւանի վրա ճնշում է բանեցնում հենց ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ՝ հավանաբար, հարկադրելով ստորագրել այդ փաստաթղթերը, որոնց ստորագրմանը Երեւանին մղում է Վաշինգտոնը»: «Շատ նման է, որ ամերիկացիներն ու ռուսները ձգտում են սկզբում Ռոբերտ Քոչարյանի ձեռքերով ղարաբաղյան խնդիրը լուծել, իսկ այնուհետ ձերբազատվել նույն Ռոբերտ Քոչարյանից», - բխեցված է «Իրավունք»-ում: Այստեղ նաեւ ուրվագծվում է. - «Խոշոր հաշվով, ամբողջ ընդդիմադիր դաշտը առանձնապես չի շտապում, քանզի հասկանում է, որ արտաքին քաղաքական ներգործությունների առումով ժամանակն աշխատում է ի վնաս Քոչարյանի: Սակայն ինչքան երկար տեւի այս ամենը, այնքան ավելի ու ավելի կսեղմվի ռուս-ամերիկյան օղակը, ինչը օբյեկտիվորեն հղի է երկրին հասցվող վնասներով, ու այդ առումով ինչքան ավելի արագ հանգուցալուծվի իրավիճակը, այնքան առավել հնարավոր կլինի նվազագույնի հասցնել համապետական կորուստները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG