Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի քաղաքացի, Երեւանի բնակիչ 26-ամյա Արթուր Սոլոմոնյանը, որ 2001 թվականից Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզվում է զինծառայությունից խուսափելու համար, եւ անօրինական հիմունքներով բնակվում ԱՄՆ-ում, «ամերիկյան երազանքի» մասին իր ուրույն պատկերացումներն է ունեցել, որոնք նրան հարստության փոխարեն 30 տարվա ազատազրկման դուռն են հասցրել: Անդրադառնալով այս պատմությանը՝ «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը նշում է. - «Եթե առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե 26-ամյա այս երիտասարդի ետեւում քաղաքականություն, մաֆիա կամ հանցախմբեր են թաքնված, իրականում այդպես չէ: Պարզապես Արթուր Սոլոմոնյանի մտքով անցել է ԱՄՆ-ում «մաֆիոզ-մաֆիոզ» խաղալ, եւ նա նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել»: Շարադրելով նրա առնչությունները, մեկնաբանը եզրափակում է. - «Գործի ընթացքից երեւում է, որ ամերիկացիների պահանջով Հայաստանում նույնպես նոր ձերբակալություններ կիրականացվեն»:

«Սոլոմոնյանները չէին կարող առնվազն վերջին 3-4 տարում առնչություն ունենալ Հայաստանի հետ», - շեշտվում է «Հայոց աշխարհ» թերթում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ից ստացվող հաղորդագրություններում հիշատակվում է, թե այդ երկրի իրավապահ մարմինների ենթադրությամբ, վաճառքի համար առաջարկվող զենքերի լուսանկարները արվել են Հայաստանում։ «Ավելի անհեթեթ բան, քան որ Հայաստանից հետախուզվող երկու եղբայր զենք են ուզեցել արտահանել Միացյալ Նահանգներ, դժվար է պատկերացնել», - որակված է «Հայոց աշխարհ»-ում:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը այս օրերին Մոսկվայում մասնակցում է հետխորհրդային տարածքում առկա ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների կիսագաղտնի հանդիպմանը: «Նման հանդիպում կազմակերպելու գաղափարը մշտապես դուր չի եկել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ղարաբաղի իշխանություններին, եւ նրանք ամեն կերպ խուսափել են այսօրինակ շփումներից ու քննարկումներից: Բայց Ռուսաստանը այս անգամ, ըստ էության, հայկական կողմին ստիպել է ներգրավվել պրոցեսի մեջ... Ռուսաստանի արտգործնախարարությունը այս հարցում հսկայական ճնշում է գործադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի վրա», - ընդգծվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Իր խամաճիկը համարվող ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին Ստեփանակերտում հավաքելով՝ Ռուսաստանն իրեն կվերապահի հետխորհրդային տարածքում առկա կոնֆլիկտները ղեկավարողի լեգիտիմ դերը: Բայց եթե Ռուսաստանի շահերը այստեղ հասկանալի են, հայկական կողմի համար դրանք բացարձակապես անընդունելի են: Հայկական կողմը միշտ էլ հայտարարել է, որ համաձայն չէ կոնֆլիկտները համահարթեցնելու դիրքորոշման հետ... Հետխորհրդային մյուս կոնֆլիկտների կարգավորման համար ձեւավորված ֆորմատները իրենց մակարդակով զիջում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային հանրության կողմից մի տեսակ ընկալվում են որպես որեւէ երկրի ներքին խնդիր»:

«Միայն ղարաբաղցիներ» վերնագրի տակ «168 ժամ» թերթն այսօր ընդգծված ներկայացնում է. - «Հայաստանում բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ի երեւանյան գրասենյակի տնօրեն է նշանակվել ղարաբաղցի Ալեքսան Ալեքսանյանը: Վերջինիս հրահանգով էլ Ղարաբաղից 50 ընտանիք է տեղափոխվում Հայաստան, որոնք պետք է աշխատեն «Ղ-Տելեկոմ»-ի երեւանյան գրասենյակում»:

«Վերջին շրջանում երկրի ողջ տարածքում մեծ թափով սկիզբ առած նորանոր հայրենակցական միությունների ստեղծման եւ արդեն իսկ գործող միությունների քաղաքականացման միտումը սպառնում է փոխել հայրենի քաղաքական դաշտի պատկերը», - մտահոգված է «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը: - «Շուտով Հայաստանը կարող է վերածվել Մեծ Հայքի բդեշխություններն ու նախարարությունները հիշեցնող մի նոր համակարգի: Ներկա միտումները ուրվագծում են Հայաստանի պառակտման ու տրոհման ստույգ հեռանկարներ, քանի որ դրանք անխուսափելիորեն կտեղափոխվեն նաեւ բանակի, այլ ուժային կառույցների եւ պետական ինստիտուտների մեջ»: Ինչ վերաբերում է այս միտման խորքային պատճառին, տեսաբանը մատնանշել է. - «Եթե չկա որեւէ ազգային կամ համամարդկային միավորող գաղափար, ապա միանգամայն բնական է, որ լոռեցին լոռեցուն է վստահելու, գյումրեցին` գյումրեցուն»:

«Առավոտ» թերթում հրապարակված է «Ազգային միաբանություն» կուսակցության հայտարարությունը: «Իշխանությունները փոխանակ միջազգային հանրության արձագանքներից լրջագույն հետեւություններ անեն, ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում իրենց ձախողումները քողարկում են 11 տարի ուշացումով Ազգային ժողովում անպտուղ լսումների կազմակերպմամբ», - ասված է հայտարարությունում:

Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի շեմին հայկական որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հրավիրվել են Մոսկվա: Դրանով «հող է նախապատրաստվում Պուտինի այցի նպատակները եւ շոշափելիք խնդիրների շրջանակները հրապարակայնորեն մատուցելու համար», - փոխանցում է «168 ժամ»-ի խմբագիրը: Առաջին հանդիպումը եղել է Կալմիկիայից սենատոր, «Արադես» հայ-ռուսական տնտեսական համագործակցության ասոցիացիայի համանախագահ, Ֆյոդորովի անվան կուսակցության առաջնորդ Չախմախչյանի հետ: Ռուսաստանի հայ համայնքում կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունների «շնորհիվ» հայանքը կիսվեց երկու մասի՝ Արա Աբրահամյանականների եւ Արադեսականների՝ ի դեմս Լեւոն Չախմախչյանի: Վերջինս Արա Աբրահամյանի՝ օրերս Երեւան կատարած այցից ու իշխանությունների հասցեին քննադատությունից հետո հանդես է գալիս իշխանամետ ակտիվությամբ ու մասնավորապես լրագրողներին ասել է. - «Մարդը, որն ապրում է Հայաստանից դուրս, իրավունք չունի փնովել կամ քննադատել Հայաստանի նախագահին, որովհետեւ նրան ժողովուրդն է ընտրել: Հայաստանում ես Ռոբերտ Քոչարյանին այլընտրանքային թեկնածու չեմ տեսնում: Չկա երկրորդ մարդը, որը կարող է Հայաստանի նախագահ դառնալ»: Ըստ Չախմախչյանի, կա մի հարավսլավացի մասնագետ՝ Մարկովիչ ազգանունով, որը հիմա ձգտում է գալ Հայաստան լրագրողի անվան տակ: Նա է կազմակերպել նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխությունները: Ուզում է գալ Հայաստան եւ ընդդիմության հետ հեղափոխություն կազմակերպել: «Ես այդ ինֆորմացիան ունեի եւ ասացի դեսպան Արմեն Սմբատյանին, որ այդ մարդուն ոչ մի ձեւով չի կարելի թույլ տալ մուտք գործել Հայաստան». – Չախմախչյանի այս հայտարարությունից հետո «168 ժամ»-ի խմբագիրը տարակուսել է. - «Իսկ ինչո՞ւ է նա, որ արդեն 16 տարի Հայաստանում չի բնակվում, իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել, անգամ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դեր ստանձնել՝ ոմն Մարկովիչի մուտք արգելելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG