Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայաստանի եւ Արցախի երիտասարդության ներկայացուցիչներին


Չորեքշաբթի օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի եւ Արցախի տարբեր շրջաններից՝ տարբեր ոլորտներում առանձնահատուկ հաջողություններ արձանագրած շուրջ 500 երիտասարդների:

«Այս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին խրախույսի, ոգեւորության եւ ներշնչանքի մի նոր առիթ պիտի լինի ինչպես ձեր ամենքի, այնպես եւ մեզ համար», - դիմելով Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպման եկած երիտասարդներին, ասաց Վեհափառ Հայրապետը - «Ձեզանով է, որ հզոր է եւ պիտի շարունակ հզորանա Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, Հայրենիքն ու հայոց կյանքը: ...Լինենք միասնական, մեկ ամբողջություն եւ միայն այդ պարագային կլինենք հզոր ու անպարտելի»:

Գարեգին Երկրորդը պատասխանեց երիտասարդների բազմաբնույթ հարցերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնավորապես, վերահաստատեց իր վերաբերմունքը սոցիալական քարտերի հանդեպ, որոնք շատերի կարծիքով չարիք են ու դեմ են Հայ Առաքելական Եկեղեցուն:

«Այս առնչությամբ մենք կատարեցին հայտարարություն՝ ասելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին որեւէ վտանգ չի տեսնում սոցիալական քարտերի հետ առնչված՝ հոգեւոր առումով», - ասաց նա:

Աղանդների տարածման վտանգին վերաբերող հարցին ի պատասխան Վեհափառ Հայրապետը նշեց, որ խորհրդային տարիներից հետո եկեղեցին դեռեւս բավարար արդյունքներ չի արձանագրել թե’ երկրում գործող եկեղեցիների, թե’ հոգեւոր կրթության եւ թե’ հոգեւորականների պատրաստման բնագավառներում:

«Առաջընթաց կա, բայց բավարար չէ», - ասաց նա: - «Վստահ եմ, որ աղանդները չեն կարող խաթարել մեր եկեղեցու ամբողջականությունը, որովհետեւ մեր ժողովրդի զավակները հոգով, սրտով, արմատներով, զգացումով, գիտակցությամբ նույնիսկ բնազդով կապված են Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG