Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հերքում է հայ-ադրբեջանական սահմանում փոխհրաձգության մասին տեղեկատվությունը


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեքշաբթի օրը հերքեց արդբեջանական «Թուրան» գործակալության տարածած տեղեկատվությունը, թե անցած գիշեր փոխհրաձգություն է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում:

«Թուրան»-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի գրասենյակը, այսօր լուր էր տարածել, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները անցած գիշեր Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղից կրակ են բացել ադրբեջանական Գիզիլ Հայիլի եւ Մազամլի գյուղերի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքելով այս տեղեկատվությունը՝ գնդապետ Շահսուվարյանը ասաց. - «Մարտի 9-ից հետո սահմանային գոտում փոխհրաձգություններ չեն եղել»:

Մարտի 9-ի միջադեպը տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտ: Փոխհրաձգության հետեւանքով երկու կողմերն էլ ունեցել էին կորուստներ:

Միջադեպի պատճառ, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվական բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանի, դարձել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրազենի կիրառմամբ իրենց դիրքերը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերին մոտեցնելու փորձը, որին ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներն արձագանքել են պատասխան կրակով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG