Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը պաշտպանում է ընդդիմադիր լրատվամիջոցների հետապնդումները


Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «կամա կամ ակամա ցույց տվեց, որ ներգրավված է վերջին ժամանակներում երկրի իշխանությունների կողմից ընդդիմադիր լրատվամիջոցների հետապնդումներում»:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում փաստին, որ Բաքվում հասարակաց տների մեծամասնությունը գործում է բարձրաստիճան իրավապահների հովանավորության ներքո, Ալիեւը նյարդայնացած պատասխանել է. - «Ընդդիմության ներկայացուցիչներին ռեստորանում վերջերս տեսան բոլորը»:

Շարունակելով՝ Ալիեւը դատապարտել է նրանց «անբարոյական պահվածքը, եւ ասել, որ ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են «Մոնիտոր» շաբաթաթերթի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը օգտագործել իրենց «կեղտոտ նպատակներին» հասնելու համար:

Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռեւս չեն գտել մարտի 2-ին Բաքվում «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին սպանած հանցագործին: Այս ամսագիրը հաճախ իշխանություններին քննադատող նյութեր էր հրապարակում:

Իսկ փետրվարի 25-ին ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի խմբագիր Գանիմատ Զահիդովը եւ տնօրեն Ազեր Ահմեդովը «երեք ամրակազմ անձանց կողմից» սպառնալիքի տակ բերվել էին Բաքվի սրճարաններից մեկը, ուր նրանց ստիպողաբար նկարահանել էին մարմնավաճառների հետ: Դրանից հետո լրագրողներին դաժանորեն ծեծել էին եւ բերման ենթարկել ներքին գործերի մոտակա բաժանմունքը, որտեղ ստիպել էին ստորագրել «հասարակական վայրում անվայել վարքի» մասին մեղայական ցուցմունք:

«Ազադլիգ»-ի խմբագիր Զահիդովի խոսքերով, ոստիկանները իրենցից պահանջում էին դադարեցնել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մասին քնադատական հոդվածների հրապարակումը:

Միջադեպի հաջորդ օրը իշխանամետ «Լիդեր» հետուստաընկերությունը եթեր էր հեռարձակել «Ազադլիգ»-ի լրագրողների մերկ լուսանկարները՝ մեկնաբանելով. - «Ահա այսպես են ժամանակ անցկացնում անբարոյական ընդդիմադիր լրագրողները»:

Այսպիսով, ըստ «Թուրան» գործակալության, նախագահը ոչ միայն պաշտպանում է «Ազատլըգ» թերթի խմբագրի եւ տնօրենի նկատմամբ կիրառված մեթոդները, այլեւ արդարացնում է վերջիններիս պատկերող տեսաժապավենի ցուցադրումը «Լիդեր» հեռուստաընկերությամբ:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG