Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայրենի քաղաքական գործիչների համար առանց թշնամիների ապրելն անսովոր է ու անհարմարավետ», - ուրվագծում է «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը: - «Աշխատելու ցանկություն չկա, ասենք, ոչ ոք չի էլ սովորեցրել, իսկ կերակրել հենց այնպես ու լրացուցիչ պատառ էլ նետել՝ հայրենիքի նկատմամբ սիրո մասին բացականչությունների դիմաց, կարող են եւ դադարել: Պարզապես պառկիր ու մեռիր առանց թշնամու: Բայց, փա՜ռք Աստծո, թշնամիներին կարողանում են ճանաչել բոլորը. ե՛ւ ընդդիմությունում, ե՛ւ դիմությունում: Հեշտությամբ ջրի երես են հանում թշնամիների զորքերին, լրտեսների վտառներին եւ ուտիճների պես բազմացած հինգերորդ շարասյուներին»: «Որքան էլ տխուր է դա գիտակցել, տեսանելի ապագայում ոչինչ մեզանում չի փոխվի», - ի մի է բերված «Հայոց աշխարհ»-ում:

Կարծես ծավալվող մի նոր թշնամության թարմ հետքերով «Հայկական ժամանակ» թերթն արձանագրում է. - «Չնայած՝ Արտաշես Գեղամյանն ու նրանից հեռացած Նապոլեոն Ազիզյանը պայմանավորվել էին իրենց բաժանման մանրամասները չդարձնել մամուլի սեփականությունն ու միմյանց մասին խոսել հնարավորինս բարեկիրթ տոնայնությամբ, Գեղամյան - Ազիզյան հարաբերությունները գնալով մռայլ նրբերանգներ են ստանում... Երեկ արդեն «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը Նապոլեոն Ազիզյանին, սեփական պարկեշտությունը պահպանելու համար, հորդորում էր վար դնել պատգամավորական մանդատը»: Միաժամանակ այդ կուսակցությունում սկսել են հիշել, որ Ազիզյանը «ի հեճուկս կուսակցության որոշման, մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի երդմնառության հանդեսին, ընդունել է սեպտեմբերի 21-ի բանկետի նրա հրավերը, եւ ո՛չ ապրիլի 5-ին, եւ ո՛չ էլ ապրիլի 12-ին չի մասնակցել ընդդիմության որեւէ հանրահավաքի, եւ այլն»: Արտաշես Գեղամյանն էլ «168 ժամ» թերթում նշում է. - «Ազիզյանը թասիբով մարդ է, ու մեր բոլոր կուսակիցներն ասում են, որ նա անպայման մոտ օրերս դիմում կտա ու կհրաժարվի պատգամավոր լինելուց: Չեմ կարծում, թե նա չի գիտակցի, որ նա զբաղեցնում է «Ազգային միաբանության» ցուցակով իրենից հետո եկող շատ արժանավոր մի մարդու տեղը: Ինձ թվում է, որ նա կգիտակցի, որ ինքը ընտրվել է բացառապես շնորհիվ «Ազգային միաբանություն» կուսակցության»: Արտաշես Գեղամյանի սլաքը հիմա ավելի շատ ուղղված է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ. - «Այն, որ Դատախազությունը քաղաքականացված է ու նախընտրական շտաբի է վերածվել, բոլորն էլ գիտեն արդեն: Չի կարելի կիսաքաղցած մարդկանց համախմբել լեռան շուրջ: Գաղափար չլինելու պայմաններում, երբ սնանկ է պետական գաղափարախոսությունը, հարկադրված նման մեյմունությունների են դրդում մեր իմաստում ժողովրդին... Ընտրակեղծիքներ անելու համար էս գլխից հիմքեր են ստեղծում, բայց չեն մտածում, թե ինչ վտանգավոր հաղթաթղթեր են տալիս մեր դարավոր «բարեկամներին», երբ երկրի ներսում ստեղծում են «Արցախ», «Սյունյաց արծիվներ», «Նիգ-Ապարան» հայրենակցական միություններ: Վաղը թուրքերն ու ազերիները կասեն՝ այս մարդիկ իրար մեջ էլ իրարից բաժանված են, էն գլխից սեպարատիստ են, որովհետեւ նույն երկրի մեջ 3 մլն ազգը 10 հայրենակցական միություն ունի... Դա կճանաչեն ազգային հիվանդություն, ու դրա տակից ոչ ոք դուրս չի գա»: «Պետական մտածելակերպից զուրկ մարդիկ են, աշխարհի հնարավոր զարգացումներից անտեղյակ մարդիկ են», - բնորոշում է Արտաշես Գեղամյանը: - «Մտածում են հազարապետերի, հարյուրապետերի ու տասնապետերի մակարդակով: Այսինքն՝ առաջ դեպի 19-րդ դար»:

Ամերիկյան աղբյուրներ վկայակոչելով՝ «168 ժամ»-ը այսօր փոխանցում է, թե մոտ ժամանակներս ԱՄՆ պետքարտուղարության խողովակներով Հայաստանի ղեկավարությանը կհանձնվի Հայաստանի ամենից կոռուպվացված ու կրիմինալի հետ կապված հայաստանյան իշխանավորների ու, այսպես կոչված, օլիգարխների ցուցակը. - «Նշվում է, որ այդ «սեւ ցուցակում» 18 ազգանուն կա: Սպասվում է նաեւ, որ ամերիկացիները չեն սահմանափակվելու զուտ դիվանագիտական խողովակներով տեղեկությունը Հայաստանի ղեկավարությանը տրամադրելով: Հավանաբար կկազմակերպվի նաեւ տեղեկատվական արտահոսք զանգվածային լրատվամիջոցներով»:

Անցյալ շաբաթ Բաթումիում տեղի ունեցած միջազգային սեմինարի մասնակից «Առավոտ»-ի թղթակիցը ներկայացնում է Ադրբեջանը՝ ադրբեջանցիների աչքերով: Մասնավորապես, այդ սեմինարին ներկա եղած նրանցից մեկը գրանցել է իրենց երկրում օրենքների անգործություն ու բազում խնդիրներ՝ կանանց ու երեխաների վաճառքից մինչեւ ազատ խոսքի հետապնդում: Միաժամանակ, այդ հավաքում ադրբեջանցի մեկ այլ հասարակական գործիչ համամիտ չի եղել կարծիքին, թե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պայմանավորված է լեգիտիմ իշխանություններով, որովհետեւ, նրա ասելով, Ադրբեջանում ով էլ գա իշխանության՝ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում կառաջնորդվի այն նույն մոտեցումներով, ինչ ներկայիս իշխանությունները, եւ կառաջադրի նույն պայմանները:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, այսօր Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը քիչ հավանական է առավել, քան երբեւէ, ապակայունացումը ձեռնտու չէ ո’չ Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին, ո’չ էլ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանական ու ընդդիմադիր վերնաշերտերին: Առավել եւս Ադրբեջանին, որովհետեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քարոզչական եւ դիվանագիտական պատերազմում Ադրբեջանը բավական տպավորիչ հաղթանակներ է տանում, եւ պատերազմի սանձազերծումը կարող է ընդհատել հաղթանակների այդ շարքը: Եվ ընդհանրապես, ողջ միջազգային հանրությունը այս շրջանում մի տեսակ հանդես է գալիս Ադրբեջանի դաշնակցի դերում, եւ այդ երկիրը բոլոր հիմքերն ունի հուսալու, որ խաղաղ ճանապարհով կարող է ձեռքբերել այն, ինչը պատերազմի դեպքում իրենից առնվազն տասնյակ հազարավոր զոհեր է պահանջելու: Խոսքը առնվազն գրավյալ տարածքները վերադարձնելու խնդրի մասին է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG