Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Ուսման ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով, հատկապես մարզերում, աղջիկ երեխաներին դպրոց չեն ուղարկում, այլ պահում են տանը, ծանրաբեռնում տնտեսության հոգսերով։ Իսկ նրանք ապագա մայրեր են. անգրագետ կինը 21-րդ դարում ի՞նչ սերունդ պետք է դաստիարակի։ Հիմնահարց է, որի մասին պետք է այսօր մտահոգվել»: «Ազգ» թերթում էլ ընդգծված է. - «Օրեցօր մեզ վրա արշավող նյութական արժեքների փայլի ու խրախճանքների մեջ ավելի են նսեմանում, անտեսվում մարդկային հոգու հարստությունները»:

Ի դեպ, «Առավոտ» թերթն այսօր փոխանցում է. - «ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը «Տարեգիր» էլեկտրոնային թերթի հարցազրույցում արդի պատգամավորի ընդհանրական կերպարն ամբողջացրել էր իր՝ «Ի՞նչ է նշանակում՝ Չարենցը» հարցադրումով, նաեւ հայտարարել է. - «Էդ գրքերը գրված են մի 100-200 տարի առաջ: Էսօր մարդկանց մտածելակերպը փոխվել ա, կարծում եմ՝ էդ գրքերը մեզ նորություն չեն ասում: Չեմ կարծում, թե այդ գրքերը կարդալով՝ մեր գիտելիքները կավելացնենք կամ կպակասեցնենք»:

«Առավոտ»-ում այսօր կա նաեւ ուշագրավ հարցազրույց պատգամավոր Մուրադ Գուլոյանի հետ: «Ո՞ւմ եք շատ սիրում հայ գրողներից» հարցին նա պատասխանել է. - «Սիրել եւ սիրում եմ Րաֆֆիին: Բոլոր գործերը: Բայց չեմ կարդում»: «-Ձեր աշխատասենյակում ո՞ր գիրքը կուզեիք, որ հավերժ դրված լիներ: - Իհարկե, մեր ազգի պատմության մասին: - Ո՞ր հեքիաթն եք շատ սիրում: - Թումանյանի հեքիաթները: Ամենաշատը սիրում եմ «Շունն ու կատուն»: - Հաճա՞խ եք կարդում «Շունն ու կատուն»: - Տարին մի քանի անգամ: - Այս տարի քանի՞ անգամ եք կարդացել: - Այս տարի չեմ հասցրել: Նոր ա սկսվել տարին»:

«Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը «Առավոտ»ի թղթակցի հետ զրույցում առաջարկել է, որ մեր իշխանավորները հաշվարկեն այն գինը, որը պետք է վճարվի՝ հասարակ ժողովրդի սեփականության հաշվին հարստացող 100 մարդու համար: «Ինչպիսի՞ սոցիալական գին ունի այդ 100 մարդու հարստանալը Հայաստանի համար եւ արժե՞, որ Հայաստանը դառնա էքսպոպրիացիայի երկիր: Արդյո՞ք հազարավոր մարդկանց տառապանքը, արցունքները, տանջանքը՝ երբ ձեռքից իր տունն են խլում, արժե հարյուր մարդու հարստացմանը, որոնք ճամպրուկները պիտի կապեն ու էստեղից գնան», - հարց է դնում Լյուդմիլա Հարությունյանը: Նրա համոզմամբ, ներկայումս իշխանության ձգտող գործիչները լավ չեն պատկերացնում Հայաստանին նետված մարտահրավերները. - «Գոյություն ունեն ԱՄՆ-ի գերիշխանությամբ եւ Ռուսաստանի պարտվողականությամբ նոր աշխարհ, հօգուտ ժողովրդավարության եւ նրա դրոշի ներքո լուծվող կոնֆլիկտներ: Դրա ցայտուն ապացույցը Լիբանանում սկսվող հեղափոխությունն է: Եվ Հայաստանը չգիտի, թե որ օրը մեր փողոցներում կսկսվեն այդ ցույցերը»:

«Այն, որ արդեն իսկ Պրահայում արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիվանդության պատճառով չեն հետաձգում հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ղեկավարի հետ, նշանակում է, որ հարցի քննարկումն այնքան է արագացվում, որ դա կարող են նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության իրագործել», - վերլուծում է «Իրավունք» թերթը: Մեկնաբանը սրա հետ է կապում ապրիլին սպասվող ընդդիմադիր ակտիվությունը՝ այդ առումով նաեւ նշելով. - «Տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ ձեռնտու կլինի ապրիլին ունենալ ներքաղաքական ապակայունացում, որպեսզի հնարավոր լինի հետաձգել Ղարաբաղի հարցով կոնկրետ ուղղություններ նախանշող թեկուզեւ նախնական փաստաթղթի ստորագրումը»: Բայց, ըստ թերթի, դժվար է միանշանակ ասել, թե «արդյո՞ք իրադարձությունների այսպիսի զարգացումը, որը պայմանականորեն կարելի է կոչել «կառավարելի ապակայունացում», ինչքանով կլինի լիովին կառավարելի»: «Այս գարունը ե’ւ երկրի, ե’ւ քաղաքական ուժերի համար կարող է դառնալ ճակատագրական ընտրության գարուն», - նախանշում է «Իրավունք»-ը:

«Ազգ» թերթի տեղեկություններով, փետրվարի 24-ին Բրատիսլավայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը լուծման ուղղությամբ առաջ տանելու հարցը եւ համաձայնություն է կայացել լուծման ինչ-որ տարբերակի շուրջ: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Վարշավայում մայիսին, սակայն անհավանական է, որ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, քանի որ հակամարտության կողմերը դեռեւս ակնհայտորեն հեռու են կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրելուց», - գրում է «Ազգ»-ը՝ միաժամանակ առաջիկայի համար ուրվագծելով. - «Չպետք է բացառել, որ պրահյան գործընթացի մի որոշակի փուլում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն ստորագրել կարգավորման միջանկյալ պայմանագիր, ըստ որի՝ ղարաբաղյան ուժերը դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական առնվազն 5 շրջաններից, փոխարենը Բաքուն համաձայնի Ղարաբաղի կառավարումը Հայաստանին հանձնելուն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG