Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը մեկնաբանում է Հայաստանին վերաբերող՝ այս շաբաթ հրապարակված զեկույցները


Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, «Արմենպրես» գործակալության խնդրանքով, մեկնաբանել է այս շաբաթ հրապարակված՝ Եվրոպական Հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանին նվիրված «Երկրի զեկույցը» եւ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը` մարդու իրավունքների ոլորտում:

Նշելով, որ Եվրոպական Հանձնաժողովի հրապարակած [Հայաստանին վերաբերող] «Երկրի զեկույց»-ը Եվրոպական հարեւանության քաղաքականությամբ նախատեսված առաջին քայլն էր, որի հիման վրա Եվրոպական Խորհուրդը որոշում է ընդունելու Հայաստանի հետ Համատեղ Գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, արտգործնախարարության խոսնակը ասել է. - «Հայաստանը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի՝ Գործողությունների ծրագրի միջոցով Հայաստանի հետ հարաբերությունները զգալիորեն խթանելու առաջարկը եւ հայտնում է իր պատրաստակամությունն առանց հապաղման սկսել Ծրագրի մշակման աշխատանքները»:

«Հրապարակված զեկույցն ամփոփում է ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ներկայացնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նկարագիրը, միտված է օժանդակելու կողմերին ուրվագծել Գործողությունների ծրագրի առաջնայնությունները եւ տարբեր ոլորտներում ձեռնարկվելիք քայլերը», - շարունակել է Գասպարյանը: - «Հայաստանը հաշվի կառնի Եվրոպական Հանձնաժողովի դիտարկումները եւ դրանք կհամադրի Գործողությունների ծրագրում իր դիրքորոշումների հետ»:

Գասպարյանի խոսքերով, Հայաստանի արտգործնախարարությունը «ուշադրությամբ ուսումնասիրել է» ընթացիկ շաբաթվա սկզբում ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների տարեկան զեկույցը:

«Հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական իրողությունների միջեւ առկա բարդ փոխկապակցվածությունը, զեկույցում հստակ նշվում է Հայաստանի կայուն անցումը դեպի շուկայական տնտեսություն., - ասել է նա: - «Զեկույցում լուսաբանվում են նաեւ վերջին տարվա ընթացքում մարդու իրավունքների բնագավառում երկրի ձեռքբերումները եւ թերացումները: Թեեւ զեկույցում տեղ գտած քննադատությունը կրում է չափազանցված եւ միակողմանի բնույթ, այնուամենայնիվ այն, իր ամբողջությամբ, կարող է հիմք եւ ուղեցույց ծառայել քաղաքացիական եւ մարդու իրավունքների բնագավառում առավել մեծ առաջընթացի հասնելու համար»:

Ինչ վերաբերում է անցած ամսի Լեռնային Ղարաբաղ այցելած ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցին, ապա արտգործնախարարության խոսնակը տեղեկացնում է, որ այն մարտ ամսվա կեսերին պաշտոնապես ներկայացվելու է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին:

«Մեզ հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ փաստաթղթին: Այն բավականաչափ մանրակրկիտ է եւ սպառիչ: Երբ այն հրապարակվի, մենք համոզված ենք, որ պարզաբանումներ կտա որոշ հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք վերջին շրջանում շահարկման առարկա են դարձել», - ասել է Համլետ Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG