Մատչելիության հղումներ

«Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում Հայաստանը կարող է Եվրամիության հետ «ավելի ինտենսիվ» կապեր ակնկալել


Վրաստանում ու Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության առաջին խորհրդական Ժակ Վանտոմը այսօր Երեւանում հայտարարեց, որ Հայաստանը կարող է Եվրամիության հետ իր քաղաքական եւ տնտեսական կապերի «նշանակալի ինտենսիվացում» ակնկալել «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում:

Վանտոմը շատ կարեւոր է համարում Եվրահանձնաժողովի ՝ Հարավային Կովկասին վերաբերող որոշումը, որն ընդունվել է երեկ: Ըստ ստացած հանձնարարականի, Եվրահանձնաժողովը արդեն պատրաստել է զեկույցի մի նախագիծ, որը պիտի հաստատվի մինչեւ մարտի վերջը կայանալիք Նախարարների խորհրդի նիստում: Փաստաթղթի հիման վրա է կայացվելու որոշումը, թե արդյոք տվյալ երկիրը պատրաստ է միանալու «Նոր հարեւանություն» ծրագրին:

Ժակ Վանտոմի խոսքերով, Նախարարների խորհրդի կողմից զեկույցի հաստատումը կնշանակի որոշակի մանդատի լիազորում Եվրամիության գործադիր կառույցին՝ Եվրահանձնաժողովին, եւ Հայաստանի կառավարության հետ բանակցություններ կսկսվեն գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ:

Բանակցությունների արդյունքում պետք է ստորագրվի փոխընդունելի ու համաձայնեցված գործողությունների ծրագիր, ինչպիսին նախորդ շաբաթ Եվրամիությունը արդեն ստորագրել է Ուկրաինայի ու Մոլդովայի հետ:

Ըստ Վանտոմի, գործողությունների ծրագիրը կարող է պատրաստ լինել այս տարեվերջին, ինչից հետո «կգա ամենօրյա աշխատանքի ժամանակը» Եվրամիության կառույցներից մեկի՝ Գործընկերության եւ համագործակցության խորհրդի հետ:

Զեկույցի ընդհանուր դրույթների մեջ (նպաստել ազատ հասարակության կայացմանը, ժողովրդավարությանը, շուկայական տնտեսության զարգացմանը եւ այլն) Ժակ Վանտոնը առանձնացրեց տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանային խորացած համագործակցության հաստատմանը վերաբերող դրույթը:

Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, Վանտոմի խոսքերով, կշարունակի քաղաքական զորեղ աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա ավելացրեց, թե, նկատի առնելով հարավկովկասյան երկրների քաղաքական որոշումները՝ Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրում ընդգրկվելու վերաբերյալ, Եվրամիությունը լուծումներ գտնելու առումով դառնում է «համապատասխանատու»:

Նա վերահաստատեց Եվրամիության հստակ դիրքորոշումը՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով ընթացող բանակցություններին:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG