Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ Եվրամիության աչքերով


«Հայաստանյան վերջին ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշերին, ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ են ձերբակալվել, իրավապահ մարմինները ներխուժել են կուսակցությունների գրասենյակները, իսկ լրագրողները հարձակման են ենթարկվել», - արձանագրվել է Եվրահանձնաժողովի՝ երեկ հրապարակված զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ հասարակական կազմակերպությունները մտահոգություն են արտահայտում Հայաստանի իրավական համակարգի անկախության վերաբերյալ:

«0րենքի իրագործումը մնում է թույլ, իսկ կաշառառությունը հիմնարար խնդիր է: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության 2004 թվականի ցուցակում Հայաստանը 82-րդ տեղում է, ինչը նշանակում է, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում բարձր է», - եզրակացնում են զեկույցի հեղինակները:


«Լուրջ մտահոգություններ կան կապված լրատվամիջոցների անկախության հետ, քանզի հանրային եւ մասնավոր եթերը վերահսկող երկու մարմինները նշանակվում են նախագահի կողմից: Մտահոգություններ կան նաեւ կապված հեռարձակման լիցենզիաների տրամադրման հետ», - փաստել է Եվրահանձնաժողովը:

Եվրահանձնաժողովը փաստում է, որ Հայաստանում դեռ գործում է վարչական պատիժը, որը նախատեսում է մինչեւ 15 օրվա կալանք՝ առանց փաստաբանի հետ շփվելու, ինչը քննադատվում է քաղաքացիական հասարակության կողմից: Միջազգային հանրությունը հորդորել է Հայաստանին հրաժարվել այդ պրակտիկայից:

Գնահատելով Հայաստանի տնտեսությունը, զեկույցի հեղինակները եզրակացնում են. - «Գործազրկության բարձր աստիճանի, ցածր աշխատավարձի, կոռուպցիայի եւ մեծ ստվերայնության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը խոցելի է փողերի լվացման առումով: Կազինոները տարածում են ստանում. միայն Երեւանի շրջակայքում 30 կազինո կա»:

Իսկ ընդհանրապես, ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանը դասվում է ցածր միջին եկամուտ ունեցող երկրների թվին. - «Պաշտոնապես գործազրկությունը կազմում է 10 տոկոս, սակայն տնային տնտեսություններում անցկացված հարցումները վկայում են, որ մարդկանց 25-30 տոկոսը գործազուրկ է: Մեկ միլիոն մարդ, կամ բնակչության մեկ քառորդը, լքել է երկիրը: Կենսաթոշակը ավելի ցածր է, քան կենսական նվազագույնը»:

Եվրահանձնաժողովը նաեւ փաստում է. - «Եվրամիությունը Հայաստանի ներմուծման եւ արտահանման թիվ մեկ գործընկերն է, սակայն Եվրամիության երկկողմ առեւտուրը Հայաստանի հետ մնում է ցածր: Ընդ որում՝ այդ առեւտրի մի զգալի մասը կազմում են թանկարժեք քարերը, որոնք Հայաստանը ներմուծում է, մշակում ու կրկին արտահանում Եվրամիության երկրներ»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG