Մատչելիության հղումներ

«Բրիթիշ Փեթրոլիում»-ը հերքում է Ադրբեջանի ընդդիմությանը աջակցելու մեղադրանքները


«Մենք չենք միջամտում քաղաքականությանը եւ Ադրբեջանում զբաղվում ենք միայն բիզնեսով: Մենք զբաղված ենք Կասպից ծովի ադրբեջանական հատվածի նավթի եւ գազի հանքերի շահագործմամբ», - ըստ ANS գործակալության, հինգշաբթի օրը հայտարարել է «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության Բաքվի գրասենյակի մամուլի խոսնակ Թամամ Բայաթլին՝ ի պատասխան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի որոշ պատգամավորների մեղադրանքների, թե ընկերությունը աջակցում է ադրբեջանական ընդդիմությանը:

Հերքելով Ադրբեջանում պետական հեղաշրջում նախապատրաստող անձանց «Բրիթիշ Փեթրոլիում»-ի աջակցության մասին մեղադրանքները, Բայաթլին անդրադարձել է նաեւ ընկերության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողներ Անդրեաս Գրոսի եւ Անդրես Հերկելի հանդիպմանը:

«Ադրբեջան այցելած ամեն մի հյուր ցանկանում է ծանոթանալ «Բրիթիշ Փեթրոլիում»-ի իրականացրած աշխատանքներին, եւ Գորսն ու Հերկելը բացառություն չեն: Մեր ընկերությանը մեղադրող մարդկանց պետք է ասել, որ «Բրիթիշ պետրոլիում»-ի պաշտոնատար անձինք հանդիպել են նաեւ Թուրքիայի խորհրդարանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ»:

Մեկնաբանելով «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությանը հասցեագրված մեղադրանքները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով վարչության նախագահ Ալի Հասանովը նշել էր, թե խորհրդարանում «Անա վաթան» («Հայրենիք») իշխանամետ կուսակցության ներկայացուցիչ Զահիդ Օրուջը որոշակիորեն չէր նշել՝ որ կուսակցությանն է ֆինանսական աջակցություն ցուցաբերում նավթային ընկերությունը եւ ինչ վնաս է դրանով հասցվում պետությանը:

«Մենք կուսումնասիրենք այս հարցը, սակայն ներկայումս որեւէ տեղեկություններ չունենք», - նշել է Հասանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG