Մատչելիության հղումներ

Տարածքային կառավարման նախարարը աշնանը կայանալիք ընտրությունների կապակցությամբ «մտահոգություններ» չունի


Գալիք հոկտեմբերին Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ անցկացման կապակցությամբ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառույցները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը «մտահոգություններ չունի»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը ասաց, թե «ակնհայտ» է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների անցկացմանը առնչվող հարցերի շուրջ երկրի բոլոր պաշտոնյաներից ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներից առաջ (նախագահը Աբրահամյանին ընդունել էր երեկ) հենց իր հետ է զրուցել, քանի որ ինքն է համակարգում այդ ոլորտը:

Դիտարկմանը, թե շատ քաղաքական ուժեր արդեն մտավախություն ունեն, թե ընտրությունները կարող են վերածվել ռազբորկաների, նախարարը պատասխանեց. - «Ես մտահոգություն չունեմ: Ուղղակի ես մտահոգություն ունեմ, որ մենք մեր ուժերը համերաշխ ձեւով կազմակերպենք, որպեսզի մեր ընտրությունները անցնեն թափանցիկ եւ արդար»:

Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցող նախարարը հավաստիացրեց, թե ինքը շահագրգիռ չի լինելու, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվեն իր կուսակիցները:

«Ուղղակի ես ինձ համար խնդիր եմ դրել, որպեսզի ընտրությունները լինեն թափանցիկ եւ ազնիվ», - ասաց նա՝ ավելացնելով, որ «կուսակցական առումով» միշտ աշխատելու է, բայց «դա կլինի քարոզչությունով, բացատրելով»:

Կրկին նշելով, որ մտահոգություն չունի, թե ընտրությունների ընթացքում կարող են լինել ռազբորկաներ՝ Հովիկ Աբրահամյանը եզրափակեց. - «Ես այդ մասին չեմ էլ ուզում մտածել՝ հասկանալով հանդերձ, որ բոլոր քաղաքական ուժերը քաղաքակիրթ մարդիկ են, եւ կմտածեն քաղաքակիրթ ձեւով տանել ընտրությունները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG