Մատչելիության հղումներ

ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցությունից դուրս եկավ եւս մեկ պատգամավոր


Ազգային Ժողովի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այսօր դուրս եկավ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցությունից՝ մնալով նույնանուն կուսակցության անդամ:

Ազիզյանը մեկնաբանություններից հրաժարվեց՝ «Ազատություն» ռադիոկայանին ասելով միայն, որ որեւէ այլ պատգամավորական խմբի չի անդամակցելու:

«Ազգային միաբանություն» խմբակցության, ինչպես նաեւ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը իր կուսակցի քայլը պայմանավորեց նրանով, որ Նապոլեոն Ազիզյանը «Նիգ-֊Ապարան» հայրենակցական միության ղեկավար մարմնի՝ խորհրդի անդամ է եւ, ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, չի կարող զուգահեռաբար քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել:

«Միասին ենք քննարկել հարցը, եւ, հաշվի առնելով մեծ աշխատանքը, որը ծավալվում է «Նիգ-֊Ապարան» հայրենակցական միությունում, հարմար գտանք, որ նա ուժեղացնի այդ կառույցը», -֊ ասաց Արտաշես Գեղամյանը:

«Նիգ֊-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է:

«Ազգային միաբանություն» խմբակցությունը, նախորդ տարի Հմայակ Հովհաննիսյանի եւ այսօր՝ Նապոլեոն Ազիզյանի դուրս գալուց հետո, Ազգային ժողովում ունի յոթ պատգամավոր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG