Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով երեկ տարածված ԱՄՆ պետքարտուղարության՝ «2004 թվականի մարդու իրավունքների մասին» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածին՝ «Հայկական ժամանակ» թերթը շեշտադրում է. - «2003 թվականի ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին ԱՄՆ պետքարտուղարությունը նույն նախադասությունները շարադրել էր նաեւ իր «2003 թվականի մարդու իրավուքների մասին» զեկույցում, սակայն թերեւս այդ նախադասություններով կսկվեն առաջիկա չորս տարիների զեկույցները նույնպես, եթե մինչ այդ Հայաստանում քաղաքական վիճակի փոփոխություն՝ ասենք իշխանության լեգիտիմացում եւ արդար ընդրություններ չլինեն»: «2003 թվականի ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշերին, Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում է խղճուկ լինել: Երկրում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, շարունակվում է հարստությունը կենտրոնացած մնալ մի քանի ընտրյալների ձեռքում... Լուրջ խնդիր է շարունակում մնալ եւ անպատժելիությունը», - սրանք են հիմնական գնահատականները պետքարտուղարության զեկույցում: «Կան, սակայն, նաեւ դրական արձանագրումներ», - նշում է «Հայկական ժամանակ»-ը՝ մասնավորեցնելով. - «Հայաստանի իշխանությունները չեն սահմանափակում մարդկանց՝ ինտերնետից օգտվելու իրավունքը»:

«Եթե ԱՊՀ-ում որեւէ մեկը նստում է որեւէ աթոռի, ապա նրան այդ աթոռից սղոցով էլ չես պոկի: Եթե ոչ անձամբ նրան, ապա` նրա որդիներին կամ մերձավորներին: Բայց կան նաեւ թեթեւակի «երանգներ». ի տարբերություն ԱՊՀ մահմեդական պետությունների... Հայաստանում եւ այլ թերզարգացած, բայց քրիստոնեական երկրներում իշխանությունը փոխանցվում է սեփական կլանից որեւէ մեկին: Միայն սեփական կլանի ներկայացուցիչը կարող է ապահովել նախկին նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի անվտանգությունը, անձեռնմխելիությունը եւ հատուկ արտոնությունները», - ընդգծում է «Առավոտ» թերթը: - «Հետեւաբար, որպես հենարան եւ նախընտրելի իրավահաջորդ մնում է ոչ թե քաղաքական կառույցը եւ նրա լիդերներից մեկը, ինչպես Արեւմուտքում է, այլ կլանի ներկայացուցիչը»:

«Հայաստանի իշխանությունը ե’ւ անարդյունավետ է, ե’ւ ալարկոտ ու ավելին՝ թաթախված է ինտրիգների մեջ», - ուրվագծում է «Իրավունք» թերթը: - «Ընթանում է կատաղի պայքար, թե ով պետք է ժառանգի նախագահական աթոռը... Միեւնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ խորհրդարանում որեւէ լուրջ ճգնաժամային իրավիճակ այժմ վտանգավոր է Ռոբերտ Քոչարյանի համար, ու հիմա խոսք անգամ չի կարող լինել խորհրդարանը լուծարելու մասին, քանզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կունենան անկանխատեսելի ելք եւ հաստատ էլ ավելի կխորացնեն արդեն իսկ բավականին խորը ներիշխանական հակասությունները»: Այնպես որ, «Իրավունք»-ի մեկնաբանի եզրահանգմամբ՝ «զուտ ինքնապահպանման բնազդի տեսանկյունից, իրոք, Ռոբերտ Քոչարյանը այլ հնարավորություն չունի խուսափելու հեղափոխությունից եւ հանգիստ նախապատրաստելու երաշխիքներ տվող իրավահաջորդի հարցը, եթե հենց այս գարնանը չփորձի ձեռնարկել արմատական բարեփոխումների թեկուզեւ առաջին քայլերը: Դա նշանակում է բախում կրիմինալի եւ կոռումպացված չինովնիկության հետ, որոնք մեծ դեր են խաղացել ե’ւ 1998-ի, ե’ւ 2003-ի նախագահական ընտրություններում: Ստացվում է, որ գարնանը կտրուկ վայրիվերումները անխուսափելի են. կլինեն կա’մ արմատական բարեփոխումներ եւ պատերազմ ընդդեմ կրիմինալ նախկին հենարանների, կա’մ հերթական «գունավոր» հեղափոխության ալիքը կհասնի նաեւ Հայաստան»:

«Իրավունք»-ում այսօր նաեւ առանձնացված է. - «Արեւմուտքը ու մասնավորապես Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառում են «մտրակի եւ բլիթի քաղաքականություն», ինչը շատ ցայտուն երեւում է թեկուզեւ դեսպան Էվանսի ելույթներից»: Չնայած օրերս դեսպանի տարածած պարզաբանումներին, «Ազգ» թերթի մեկնաբանն էլ կարծում է, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող նրա ձեւակերպումները պատահական չէին: «Դեսպան Էվանսի հայտարարությունը նպատակ ուներ ազդանշան ուղարկելու դեպի Անկարա՝ հնարք, որ հաճախ է օգտագործվում դիվանագիտության մեջ», - ամփոփված է այստեղ:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր խտացված է. - «Խարխլվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը դիմակայելու համար ԱՄՆ վարչակազմի վրա հենվելու եւ ՆԱՏՕ-ի «անփոխարինելի անդամի» իր կարգավիճակն օգտագործելու՝ Թուրքիայի հնարավորությունները: Դա վկայող առաջին լուրջ ազդանշանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի ելույթն էր Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որն անկասկած համաձայնեցված էր ամերիկյան վարչակազմի հետ: Ելույթը վկայում է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների համար այլեւս ռազմավարական գործընկեր չէ, այլ մարտավարական խաղի գործիք: Ուստի կարելի է բացահայտորեն Թուրքիայի երեսին շպրտել իր հանցագործության իրավական գնահատականը՝ «ցեղասպանություն» բնորոշումը, բայց միաժամանակ հասկացնել, որ նրան առայժմ չեն «դատում»՝ ակնկալելով որոշակի քայլեր», - բխեցնում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ այս առումով մատնանշելով. - «Թուրքիան կա՛մ պետք է հրաժարվի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարից, կա՛մ էլ Հայաստանին պայմաններ թելադրելու իր փորձերից: Ներկայումս Թուրքիայի միակ տարբերակը ոչ թե Հայաստանից «քայլ ակնկալելն է», այլ հենց իր կողմից առաջին քայլի ձեռնարկումը՝ Հայաստանի ապաշրջափակումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG